Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն թուրքական բաղնիք է բացում, ՀԱԿ-ը՝ ազատ ընտրությունից է խոսում՝ իր ցուցակում ունենալով Ջհանգիրյանին

Ապրիլ 23,2012 12:12

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում համաձայնեց այն դիտարկմանը, թե մասնավորապես ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միջեւ ծայր առած հակադրությունն ու հեռակա բանավեճերի պատճառը նաեւ նրանց ընդհանուր ընտրազանգված ունենալու փաստն է: Քոչարյանը նաեւ դա մասնավորեցրեց կոնկրետ օրինակով, ասելով, թե «Ժառանգության» նախընտրական առաջին հոլովակը՝ որտեղ Ռուբեն Հախվերդյանի եւ «Ձախ Հարութի» կատարմամբ հնչում էր «Սարերի քամին», իհարկե, ազգայնական շեշտադրություն ուներ, ու նա այդ մասով հավակնում է նաեւ մեր հասարակության ազգայնական ընտրազանգվածին:

Միեւնույն ժամանակ, քաղտեխնոլոգն ասաց, թե հասարակության այդ հատվածը ներկայացնողների մի մասը ժամանակին հիասթափվել էր ՀՅԴ-ից, եւ դա պայմանավորված էր Դաշնակցության՝ իշխանության մաս կազմելով ու այդ կուսակցության վերնախավի՝ իշխանության հետ սերտաճելով: «Այն ժամանակ դեռ ՀՅԴ-ի շարքերի եւ համակիրների մի մասը հիասթափվեցին, ու այդ հատվածին Րաֆֆի Հովհաննիսյանը «վերցրեց» ու հիմա էլ է, բնականաբար, վերցնելու»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Մեր հարցին, թե արդյոք արդարացի չե՞ն նաեւ դաշնակցականները, երբ պնդում են, թե այսօր այդ ազգայնականությունը «Ժառանգության» կողմից օգտագործելն արհեստական է, որովհետեւ այդ կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցում է մի քաղաքական ուժի հետ, որը լիբերալ է ու քիչ կապ ունի ազգայնականության, հայդատականության, «սարերի քամու» եւ նման բաների հետ: «Ես հիմա կբերեմ օրինակներ, որոնք փաստում են, որ մյուս բոլոր քաղաքական ուժերի մոտ էլ նման արհեստական հատվածներ կան. նույն Դաշնակցության «Վալեմը» հիշեցնե՞մ. թուրքական բաղնիք են բացում ու ազգայնական Դաշնակցություն են, ուրիշի քննադատում են, բայց Արմեն Ռուստամյանը հրաժարվում է ստորագրել մի փաստաթղթի տակ, որով նույն «Ժառանգության» ներկայացուցիչը փորձ էր անում կանխել Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ դառնալը: ԲՀԿ-ն հիմա խոսում է մանր ու միջին բիզնեսի մասին, ՀԱԿ-ն՝ իր համամասնական ցուցակում ունենալով Գագիկ Ջհանգիրյանի նման մարդուն՝ խոսում է ազատ ու արդար ընտրություններից, երբ բոլորը գիտեն, թե ընտրություններ կեղծելը երբ ու որտեղից է սկսվել: Ուզում եմ ասել՝ բոլորն էլ տեղով հակասություններ են, հակասություններ բոլոր քաղաքական ուժերում էլ կարելի է գտնել ու կան: Քաղաքականություն է, ու այստեղ հակասություններ չեն կարող չլինել: Նույնիսկ Քոնդոլիզա Ռայսն էր դեմոկրատից հանրապետական դարձել»,- թվարկեց Կարեն Քոչարյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30