«Որեւէ մեկը որեւէ մեկին չի կարող ստիպել: Մանավանդ, որ ՀՀԿ-ն նման խնդիր չունի»,- Aravot.am-ի հարցին` ի՞նչ խնդիր եք լուծում մարդկանց ստիպողաբար տանելով ՀՀ և ՀՀԿ նախագահի նախընտրական քարոզարշավներին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա մեզ հավատացնում էր, որ շատ մարդիկ այցելում են նախագահական հանդիպումներին նաեւ այն պատճառով, որ հանդիպումից առաջ եւ հետո համերգներ են լինում ու մարդիկ գնում են ոչ հեռուստաէկրանից հիանալու մերօրյա աստղերով:
Aravot.am-ը բողոք-դժգոհություններ է ստացել տարբեր բուժհիմնարկներից, ուսանողներից, ուսուցիչներից, որ իրենց ստիպողաբար տանում են ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավներին, ընդ որում՝ նույնիսկ շրջանից-շրջան, քաղաքից-քաղաք: Գալուստ Սահակյանը մեզ հավաստիացնում էր, որ մեր օրերում որեւէ մեկը որեւէ մեկին չի կարող ինչ-որ բան պարտադրել, իսկ մեզ հասած տեղեկություններն էլ որակեց իբրեւ «պրովոկացիա»:
Ասաց, որ հստակ պատասխաններ կարող է տալ միայն այն դեպքում, երբ շատ կոնկրետ` մարդկանց անուն-ազգանուններով, հիմնարկների անվանումներով տեղեկություն ներկայացնենք: Մեր դիտարկմանը` եթե տվյալներ հրապարակենք եւ այդ մարդիկ հեռացվեն աշխատանքից կամ լավագույն դեպքում նկատողությունների ու տույժերի արժանանան՝ դա հարցի լուծո՞ւմ է, Սահակյանը հակադարձեց. «Բայց նման բան հնարավոր չէ, որովհետեւ գրանցված չի, որ մենք պիտի իշխանության գանք, որ աշխատանքից հեռացնենք»:
Կարդացեք նաև
Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ իր բողոքը ներկայացրեց, որ այլ քաղաքական ուժերը ոչ թե մարդկանց ստիպում են, այլ ահաբեկելով տներից դուրս են հանում ու իրենց հավաքներին տանում: Նաեւ նախատեց, որ «պրովոկացիաների» համար իրենից պարզաբանում ենք խնդրում. «Պրովոկացիա է, նման բաներ բազմաթիվ կլինեն: Մանավանդ, քաղաքական թիմերն այս ընթացքում այնքան են կրկնվել, որ փորձում են ինտրիգների գնալ, որպեսզի այդ ինտրիգների մասին խոսեն: Դուք էլ, փաստորեն, ուղղորդում եք նրանց: Որեւէ ուսուցիչ, բժիշկ չի կարող բողոքել, որ իրեն ստիպողաբար տանում են քարոզարշավներին մասնակցելու: Մասնավորապես, եթե 10 հազար մարդ է հավաքվում ու դրա փոխարեն 6000 մարդ հավաքվի` մեզ համար միեւնույն է: Բողոքել կարող են նրանք, ովքեր դեռեւս հասարակության շրջանակներում իրենց հաստատուն կարգավիճակը չեն ստեղծել»:
Հարցին` ընդդիմության հավաքները սակավամարդ են, ընդդիմությունն էլ ռեսուրս չունի մարդկանց վրա ճնշում գործադրելու եւ ահաբեկելու, ստացվում է` կոալիցիոն գործընկերների՞ն եք մեղադրում, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Դուք ասում եք, մարդիկ բողոքում են. էդ նույն մարդիկ, որ բողոքում են, թող գնան ընդդիմության հավաքներին: Ես շատ զարմանում եմ եւ ցավում եմ, որ մարդիկ չեն գնում այդ հավաքներին, որովհետեւ, ըստ էության, դաշտն այնպիսին է, որ մարդիկ պետք է բոլոր քաղաքական ուժերին էլ լսեն, որպեսզի կարողանան կողմնորոշվել: Իսկ ինչ մնում է, որ թեքում եք դեպի կոալիցիա` մի քանի անգամ կրկնել ենք, որ մենք բավականին լուրջ փոխհարաբերությունների մեջ ենք, համաձայնեցված կազմակերպում ենք մեր քարոզչությունը, որպեսզի նման տիպի պրովոկացիաներ չառաջանան»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ Գալուստ Սահակյանին ուրախացնո՞ւմ, թե՞ տխրեցնում է այն, որ մարդիկ ընդդիմադիրների նկատմամբ հետաքրքրություն չեն դրսեւորում: «Ոչ միայն տխրեցնում է, այլեւ ցավալի է… բայց նայած ո՞ր ընդդիմադիրների հետ եք: Էնքան առատ են ու էնքան իրարից տարանջատված, որ չեմ կարող բնութագիր տալ»,- ասաց Գալուստ Սահակյանը: Առաջին նախագահին ու նրա թիմակիցներին` Aravot.am-ի հավելմանն էլ պատասխանեց. «Ես կարծում եմ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն քվեարկությունները, ժողովուրդը պետք է սովորի նախագահական ինստիտուտին հարգել, առավել եւս` առաջին նախագահին: Կարող է չընտրել, բայց ցավում եմ, որ չեն մտածում, որ կարելի է լսել»:
Ինչ մնում է «Ժառանգությանն» ու Րաֆֆի Հովհաննիսյանին, Սահակյանը նկատում է. «Գնահատականներ, կարծում եմ, չպիտի լինեն: Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ բողոք չունի, ինքը պարզապես ընտրել է ռազմավարություն` քայլելով, ճեմելով, եվրոպական ձեւեր են կամ ամերիկյան եւ ժողովրդի համար շատ հաճելի է»: Հետաքրքրվեցինք նաեւ, իրականությանը համապատասխանո՞ւմ են «Ժառանգության» հասցեին վերջին շրջանում հնչեցված մեղադրանքները, որ ՀՀԿ-ի կողմից է ուղղորդվում: «ՀՀԿ-ն, որպես իշխանություն կարող է ուղղորդել ողջ ժողովրդին: Լրիվ բաց է գնում համաձայնությունների, հասարակությունն էլ իմանում է: Բացի դրանից, չեմ կարծում, որ այսօր քաղաքական ուժերը ժամանակ ունեն` մեկը մյուսին ուղղորդելու»,- եղավ պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ