Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն արձագանքել է «Առավոտի» կայքում ապրիլի 22-ի «Աղվան Հովսեփյանը Հայկաձորում Վարագյանին էր քարոզում» հրապարակմանը:
«Գլխավոր դատախազին քաղաքականության մեջ ներքաշելու փորձերը դատապարտված են ձախողման: Նրա հասարակական գործունեությունը քաղաքականացնելու փորձերը նորություն չեն, սակայն ինչպես նախկինում որեւէ ընդհանրություն չունեն իրականության հետ,- նշված է Սոնա Տռուզյանի պատասխանում:- Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չի ենթադրում, որ կյանքը սկսվում եւ ավարտվում է այդ ընտրություններով եւ ուրիշ որեւէ այլ գործունեություն ծավալելու իրավունք ոչ ոք չունի:
Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի համար գլխավոր դատախազի այցելությունը հատկապես ապրիլ ամսվա վերջերին նորություն ու անսպասելի չէ: Ավելին` այն տասնամյակներով ձեւավորված ավանդույթ է: Յուրաքանչյուր տարի ապրիլ ամսվա վերջի շաբաթ կամ կիրակի օրերին Արթիկում տեղի է ունենում հուշ երեկո` նվիրված երգահան Հենրիկ Սուքիասյանի հիշատակին, ով նաեւ եղել է գլխավոր դատախազի ընկերը եւ նա միշտ անձամբ է զբաղվել կազմակերպչական հարցերով: Գլխավոր դատախազի ապրիլի 22-ին Արթիկ կատարած այցը եղել է այդ նպատակով եւ կրել է նախապատրաստական բնույթ:
Խորհրդարանական ընտրությունները նկատի ունենալով՝ մի շարք հասարակական բնույթի ծրագրեր հետաձգվել են, սակայն միջոցառումներ կան, որոնք ունեն տասնամյակի ավանդույթ եվ հետաձգվել չեն կարող: Դրանց թվում է նաեւ երգահանի հիշատակին նվիրված միջոցառումը, որը տեղի կունենա ապրիլի 28-ին կամ 29-ին: Եվ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել հրապարակային այդ միջոցառմանը»: