Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավային թոհուբոհի մեջ քննարկվող առանցքային թեմաներից զատ՝ ընտրակաշառք, ընտրացուցակներ, պատգամավորի թեկնածուների դեմ բռնություններ, վերջին երկու շաբաթների ընթացքում առանցքային է նաեւ ՀՅԴ, ՀԱԿ եւ ԲՀԿ միասնական շտաբի ու «Ժառանգություն» կուսակցության միջեւ ծայր առած հեռակա բանավեճը, փոխադարձ խայթոցներն ու մեղադրանքները: Կարճ հիշեցնեմ՝ «Ժառանգությունը», որը նախ՝ համաձայնել, հետո հայտարարել է միասնական այս շտաբի գործունեությանն իր մասնակցությունը դադարեցնելու մասին՝ դրանում ընդգրկված ուժերին մեղադրում է իմիտացիոն գործընթացների մեջ եւ ակնարկում, թե այս շտաբի անդամների թիկունքին երեւում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ականջները: Թեւավոր դարձած այս արտահայտությունն, ի դեպ, ժամանակին քաղաքական բանավեճի բառապաշար ներմուծեց հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, երեբեւէ ակնարկելով ՀՀՇ-ի ականջների մասին: Բայց անցնենք բուն թեմային: Միասնական շտաբում ներգրավված քաղաքական երեք ուժերն էլ «Ժառանգությանը» մեղադրում են միասնական շտաբ ձեւավորելու աննախադեպ գործընթացը վիժեցնելու փորձի ու ՀՀԿ-ի դաշտ անցնելու մեջ: Երկու կողմերի մեղադրանքներն էլ, պատկերավոր ասած՝ մահացու են, որովհետեւ Հայաստանի ապագային համատեքստում հավասարապես վտանգավոր եւ անընդունելի են եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների վերարտադրությունը: Անկեղծորեն ասեմ, որ միասնական շտաբի աշխատանքները բոյկոտելու «Ժառանգության» բացատրություններն անձամբ ինձ համար այնքան էլ համոզիչ չեն:
Այսուհանդերձ, ես նաեւ որոշակի մտավախություններ ունեմ այս միասնական շտաբի իրական առաքելության վերաբերյալ, եւ իմ այս կասկածների համատեքստում ուզում եմ հիշեցնել, թե ե՞րբ ու ո՞վ ծնեց ընդդիմադիր ուժերի այսօրինակ միասնական շտաբ ձեւավորելու գաղափարը. նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ դեռ հունվարի 30-ին արած իր հայտարարությամբ. «Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումն անսահման կարևոր է։ Հայաստանը լրջագույն եւ խորքային բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ, որ երկրի բոլոր քաղաքացիներն են այդպես մտածում: Բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: Իսկ քաղաքական նոր հարաբերակցություն խորհրդարանում միայն ազատ եւ արդար ընտրությունները կարող են ապահովել:
Սա է իմ քաղաքական ներգրավվածության հիմնական դրդապատճառը: Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: Բարգավաճ Հայաստանի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ ևս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել և կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս:
Այսօր միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ։ Առաջին՝ կուլիսների հետևում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների, ներառյալ կոալիցիոն ուժերի միջև։ Երկրորդ՝ քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների՝ հատկապես Բարգավաճ Հայաստանի վրա։ Երրորդ՝ նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով: Եվ վերջապես խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարևորը՝ ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ:
Կարդացեք նաև
Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետևաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը՝ Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, Ժառանգություն, Ժողովրդական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ և այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլևս ժամանակ չկորցնեն և այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»:
Վարդան Օսկանյանը ( ի դեպ, նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն), որը 2008-ին ոչ մի խոսք չէր ասում կեղծված ընտրությունների մասին, նաեւ հեշտությամբ էր մասել «մարտիմեկյան» դեպքերը, պաշտպանում եւ արդարացնում էր երկրում արտակարգ դրություն հայտարարելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, մեղադրում էր ՀԱԿ-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ՝ հանկարծ սկսում է խոսել արդար ու ազատ ընտրություններից, ընդդիմության միավորումից… Պարոն Օսկանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն ու գաղափարակիցը լինելու համարում ունի եւ անթաքույց համակրանք էր դրսեւորում իշխանական կոալիցիայի անդամ ԲՀԿ-ի նկատմամբ, արդեն փետրվարի 12-ին, այդ կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական հայտ ներկայացրեց՝ ոչ պատահաբար կամ իրադարձությունների բերումով, այլ՝ գիտակցաբար ու հստակ հաշվարկով: Եթե հիշենք նաեւ ԲՀԿ-ի ստեղծման պատմությունն ու դրա սերտ առնչությունները Ռոբերտ Քոչարյանի հետ, թերեւս, ավելի օգտակար կլինի այսօր ընթացող պրոցեսները հասկանալու համար: Օսկանյանի մուտքը ԲՀԿ-ն, ըստ էության, նշանավորեց Ռոբերտ Քոչարյանի աներեւույթ ներկայությունը ոչ միայն այդ կուսակցությունում, այլեւ ընտրական պրոցեսներին: Առաջինը չեմ, որ ներքին համոզմունք ունեմ, թե քաղաքական որոշակի ամբիցիաներ դրսեւորող եւ ակտիվ քաղաքականության վերադառնալու հույսեր փայփայող Քոչարյանի գաղափարն է ԲՀԿ-ի մասնակցությամբ նույն կաթսայում գլուխ-գլխի բերել նաեւ քոչարյանամետ Դաշնակցությանն ու հնարավոր այլ՝ ոչ իշխանամետ կամ գործող իշխանությանն ընդգծված ընդդիմադիր ուժերին, Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական ուժերի ալյանս ձեւավորելու համար: Դրա լավագույն տարբերակը, որը միաժամանակ կարող է ստվերում թողնել Քոչարյանի անձն ու ակտիվությունն այդ պրոցեսին, նաեւ հասարակության ու քաղաքական ուժերի համար այդ մտայնությունից շեղող հանգամանք լինել, իհարկե, ազատ ու արդար ընտրությունների ապահովման կարգախոսն է, առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի համար բարենպաստ պայմանների ապահովումը մեծապես կանխված է նաեւ նրա համակիր ուժերի՝ նոր գումարման խորհրդարանում ունեցած ներկայության չափից ու որակից: Այն առավելագույնին հասցնելու միակ հնարավոր տարբերակն այն է, որ առնազն ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում ամրագրի իր ստանալիք քվեները, որոնք օբյեկտիվորեն ավելին են, քան՝ ՀՀԿ-ինը: Դա հնարավոր է անել երկու դեպքում. եթե ԲՀԿ-ն կառուցողական ընդդիմության դեր ստանձնի, եւ եթե ընդդիմադիր ուժերը համաձայնեն ԲՀԿ-ի հետ միասին վերահսկողություն սահմանել առաջիկա ընտրությունների նկատմամբ ու պաշտպանել արդար ընտրությունները, ասել է թե՝ իրենց, այդ թվում նաեւ՝ ԲՀԿ-ի հասանելիք քվեները: Սա, անշուշտ, անկախ Քոչարյանով պայմանավորված մտահոգություններից, շատ դրական նախաձեռնություն է, ու ի սկզբանե այս խաղադրույքը կատաողների հույսն էլ հենց այն է եղել, որ դժվար թե որեւէ ողջամիտ քաղաքական ուժ դեմ լինի այս լավ նախաձեռնությանը, որի առաքելությունը, սակայն, խոշոր հաշվով քվեարկության օրն ինչ-որ չափով ապահովելու է ընտրությունների վերահսկողությունն ու ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, բայց առավել մեծապես՝ ԲՀԿ-ի ստանալիք քվեների անձեռնմխելիությունը:
Ի դեպ, պատահական չէ նաեւ, որ այդ նախաձեռնությունը բարձրաձայնելու եւ կենսագործելու առաքելությունը ստանձնեց ԲՀԿ-ի համամասնական ցուցակում «անցողիկ» 9-րդ հորիզոնականում հանգրվանած քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Այսպիսով՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հայտնվելն այդ միասնական շտաբում, թերեւս, օրինաչափ է եւ արտառոց չպետք է համարել, իսկ ահա ՀԱԿ-ի դեպքում իրավիճակն այլ է: ՀԱԿ-ը, իհարկե, այս դեպքում Ռոբերտ Քոչարյանին չի պաշտպանում կամ չի պաշտպանելու: Նա ուղղակի այս միասնական շտաբում փորձում է իր խաղը խաղալ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջոցով ապահովագրել իր ստանալիք ձայները, ԲՀԿ-ին մղել ընդդիմադիր դաշտ ու սեպ խրել կոալիցիայի ուժերի միջեւ՝ թուլացնելով Սերժ Սարգսյանին, որի մասին Կոնգրեսը բացահայտ արտահայտվելու առիթներ ունեցել է: ՀԱԿ-ը, երեւի, հույս ունի, որ Սերժ Սարգսյանի «հախից գալուց» հետո Ռոբերտ Քոչարյանի հարցերը լուծելն ու նրա չեզոքացնելն իր համար ավելի դյուրին կլինի: Սակայն, մեծ է հավանականությունը, որ ինչպես միշտ, ՀԱԿ-ն իր սկսած այս խաղում, ի տարբերություն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, էլի տանուլ է տալու, ինչպես եղավ իշխանության հետ երկխոսելու դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ անցնելու առաջարկ արեց՝ դրանով ավելացնելով Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի կշիռը՝ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական սակարկություններում, որից ինքը այդպես էլ ոչինչ չշահեց, ու փոխարենը ընտրազանգված կորցրեց: Վերադառնալով «Ժառանգության»՝ միասնական շտաբի աշխատանքները բոյկոտելուն, հարկ է թերեւս, նկատել, որ այս կուսակցությունը՝ որեւէ աղերս չունենալով ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, օբյեկտիվորեն, շահ չունի մտնելու «եռանախագահության» խաղերի մեջ: Թե նա կշահի՞, թե՞ կկորցնի դրանից՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները:
Անշուշտ, վերը շարադրվածն անքննելի ու բացարձակ ճշմարտություն չէ: Սա ընդամենը տեղի ունեցող պրոցեսներին կողքից հետեւողի դիտարկում է, որի հետ հնարավոր է՝ ոմանք համաձայնեն, ոմանք՝ ոչ: