Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելեցին Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս եւ Սեւան: Պատվիրագության կազմում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը եւ ցուցակի այլ ներկայացուցիչներ:
Լիճքում Ալեքսանդր Արզումանյանը հայտարերել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ:
«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, եւ մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլեւս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», – ասել է Արզումանյանը:
Օգտվելով հնարավորությունից, «Ժառանգության» ներկայացուցիչները նաեւ հրավիրեցին բոլորին ներկա գտնվել մայիսի 1-ին, ժ. 19:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համերգին, որին ելույթ կունենան սիրված երգիչ եւ երգահան Ռուբեն Հաղվերդյանը եւ «Ժառանգությանը» սատարելու համար Հայաստան ժամանող հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը:
Կարդացեք նաև
«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն