Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն քաղաքացիական նախաձեռնությունների ազատ Հայաստանի

Ապրիլ 22,2012 22:50

Տարիներ առաջ առիթ եմ ունեցել գրել հայերենում քաղաքական և քաղաքացիական բառերի նույնարմատ լինելու անցանկալի հետևանքների մասին: Այժմ մեկ անգամ ևս հասունացել է այդ վտանգներին անդրադառնալու անհրաժեշտությունը` արդեն շատ գործնական համատեքստում:

Բազմիցս խոսվել է մեր հասարակության քաղաքականացված լինելու մասին: Արդյո՞ք դա այդպես է: Նայած, որ տեսանկյունից: Եթե, «քաղաքականացված» ասելով, մենք հասկանում ենք հասարակությունում գաղափարախոսական (գաղափարական գիտելիքի) կարողությունների և դրանցով պայմանավորված հստակ քաղաքական կողմնորոշումների տեսակարար ծավալը, ապա` միանշանակ ոչ: Սակայն, մյուս կողմից, (նախ)ընտրական գործընթացների տեսք ստացած քաղաքական «ելևէջներում» ողջ հասարակությանը` «ընտրազանգված» լղոզված անվանումով, պարտադրվում է, թերևս, քարոզչության թափոններ կլանողի և քվեաթերթիկի փոխադրամիջոցի քաղաքական գործառույթը: Ակնհայտ է, որ քաղաքական ուժերի տեսանկյունից դա խիստ կարևոր գործառույթ է, հակառակ դեպքում ակնհայտ կդառնար, որ քաղաքականությունը որպես այդպիսին մեզ մոտ պարզապես բացակայում է:

Միամտություն կլիներ մտածել, որ միայն այդ պայմաններում (այսինքն` (նախ)ընտրական գործընթացներում) է, որ քաղաքականություն իրականացնողները, որոնք կայացած քաղաքական համակարգերում կոչվում են քաղաքական ուժեր, զրկում են քաղաքացիներին ինքորոշվելու և սեփական իշխանություն ձևավորելու իրենց կարևորագույն որակ-իրավունքից: «Գործառութազուրկ», դեռ ավելին` «քաղաքականապես անմեղսունակ» քաղաքական ուժերը հասարակությունից զավթում և սեփականաշնորհում են ողջ քաղաքացիական ոլորտը: Հիշատակենք միայն ամենավերջին աղմկահարույց «Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ» եւ «Բրյուսովի ուսանողները` հանուն օրենքի գերիշխանության» հանրային նախաձեռնությունները, որոնք ոմանք անմիջապես փորձեցին կա՛մ քաղաքականացնել, կա՛մ էլ ներկայացնել («պիտակավորել») որպես քաղաքական: Իհարկե, քաղաքական գործիչներին էլ կարելի է հասկանալ. ասեցինք` պարապ են մնացել, բայց հո՞ չասեցինք` ձայնազուրկ են կամ արդարության զգացումն են իսպառ կորցրել: Իրենք էլ, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունք ունեն մտահոգված լինել քաղաքացիական-հասարակական, ասենք, այնպիսի կարևոր խնդրով, ինչպիսին ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող համալսարանական կրթության կայացումն է: Վերջիվերջո, լինես դու իշխանություն թե ընդդիմություն, ՀՀԿ թե ՀԱԿ ներկայացուցիչ, կրթական համակարգը ճահճացման դատապարտելը և այն կործանման եզրին հասցնելը ոչ միայն ապաշնորհ քաղաքացու պահվածք է, այլեւ պարզունակ տմարդություն է: Ավելին, ողջամիտ լինելու և իրողություններին տիրապետելու դեպքում անգամ տարաբևեռ քաղաքական կողմնորոշում ունեցող ՀՀ քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, համակարծիք կլինեն թե՛ կրթության և թե՛ այլ քաղաքացիական իմաստներ պարունակող հարցերում: Իսկ թե ինչու հասարակության պատկերացումներում մեր քաղաքական գործիչները զրկվել են բնական քաղաքացիական դիրքորոշումներ ունենալու և կուսակացական հանձնարարականներից դուրս ոչ կաղապարված մտքեր արտահայտելու իրավունքից, թող մտածեն իրենք` քաղաքական գործիչները: Թեև…

Թեև այս հարցում քաղաքական ուժերի արդեն քաղաքացիական անմեղսունակությունը հանգեցնում է ոչ թե «նեղ կուսակացական», այլ շատ ավելի լուրջ և, ցավով եմ ասում, դժվար հաղթահարելի, եթե ոչ անդառնալի, հետևանքների: Զրկելով երիտասարդներին քաղաքացիական դիրքորոշում և քաղաքացիական կամք ունենալու հնարավորություն-իրավունքից` մենք կոտրում ենք նրանց մեջ քաղաքացիական առանցքը և դրանով իսպառ վերացնում ենք Հայաստանում քաղաքացիական (քաղաքացիների) հասարակություն կառուցելու անգամ մշուշոտ հեռանկարը: Երիտասարդների և ոչ միայն նրանց վերագրելով մտավոր և կամային ստրուկների` «միջոցների» գործառույթները` մենք, մեծամասամբ, միայն անձնագրով ՀՀ քաղաքացիներ Հայաստանի բնակիչների մեջ սպանում ենք մտածելու և ազատ միտք արտահայտելու, նախաձեռնելու և գործելու կամքը: Իսկ թե ինչին է հանգեցնում սեփական երկրի ճակատագիրը տնօրինելուց  այս տեսակ օտարումը, մենք բոլորս ականատես ենք արդեն քսան տարուց ավելի:

Ինքնիշխանությունը մի խումբ մարդկանց քաղաքական «զբաղմունք» չէ: Դա, առաջին հերթին, քաղաքացիական ինքնորոշում է, դա բոլորիս քաղաքացիական իրավունքն ու պատասխանատվությունն է, դա ինքնիշխան պետության քաղաքացու կամքն ու ինքնավար հասարակական (այդ թվում` կրթական) ինստիտուտների կայացումն է, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30