Ինչպես Արտաշատից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Արտաշատի բաժին ինքնակամ ներկայացավ այսօր երեկոյան Արարատի մարզի Մխչյան գյուղում վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը։
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է, որ Մխչյան գյուղում իրեն պատմել են, որ մահացած երեխան նույն գյուղի բնակիչ 3–ամյա Ալեն Սիմոնյանն էր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաերթի է ենթարկվել 5-ամյա աղջիկ։
Գյուղացիները որոշ մանրամասներ են պատմել ֆոտոլրագրողին, ըստ որոնց՝ ավտոմեքենան եղել է «Ռենջ Ռովեր» մակնիշի և այն կայանված է եղել մահացած երեխայի տան դիմաց։ Երեխան հեծանիվով խաղալով եկել և կքանստել է ավտոմեքենայի աջ անվադողի մոտ։ Իսկ վարորդը՝ Ալլա Ադիբեկյանը մեքենայի ձախ կողմից մոտենալով նստել է իր «Ռենջ Ռովերը»՝ չնկատելով երեխային, և վարել այն։
Մոտ 1 մետր ընթանալուց հետո 21-ամյա վարորդը ավտոմեքենայի հետևի մասից ձայն է լսել և իջնելով ու տեսնելով երեխային՝ իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց։
Կարդացեք նաև
Հիվանդանոցում Գ. Շամշյանին պատմել են, որ վարորդը հիվանդանոցում բժիշկներին անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերել։
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են պատրաստվում, և, ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, հավանաբար ՀՀ քրօրի 242 հոդվածով քրեական գործ կհարուցվի։