Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը Հայկաձորում Վարագյանին էր քարոզում

Ապրիլ 22,2012 21:09

Այսօր առավոտից Aravot.am-ն ահազանգեր էր ստանում Անիի ու Արթիկի տարածաշրջանի գյուղապետերից, որ բոլորին ստիպել են գնալ Հայկաձոր`ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման: Դատախազը «հրավիրվածներին» խստորեն հանձնարարել է սատարել Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբորը`ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանին, նրա օգտին որոշակի քանակությամբ ձայներ բերել: Ըստ ահազանգողների, գյուղապետերից շատերը փորձել են հրաժարվել հանդիպումից, սակայն նրանց նախազգուշացրել են` ձեր համար վատ կլինի: Դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուղապետերին ևս նույն պահանջն է ներկայացվել:

Աղվան Հովսեփյանի անցկացրած քարոզարշավին ներկա են եղել Անիի, Շիրակավանի, Գուսանագյուղի, Սառնաղբյուրի, Իսահակյանի, Բագրավանի, Անի-Պեմզայի և մյուս գյուղերի գյուղապետերը:

Մենք այս թեմայի շուրջ փորձեցինք մանրամասներ ճշտել նախևառաջ թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված մյուս թեկնածուների նախընտրական շտաբներից: Անիի տարածաշրջանում ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանն Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ դատախազը ահաբեկված է «Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից: «Տեսնում են, որ մեր թեկնածուն շատ ակտիվ է, շրջում է գյուղերը, բացօթյա քարոզարշավ է անցկացնում, որին ինքնակամ մասնակցում են գյուղացիների մեծ մասը, դրա համար էլ վատ են զգում, գալիս են Վարագյանին փրկելու: Գյուղապետերն ինձ պատմել են, որ դատախազի ու իրենց միջև ահավոր լարված խոսակցություն է եղել, շատերն են դժգոհ մնացել, քանի որ գրեթե բոլոր կուսակցությունները`ՕԵԿ-ը մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր թեկնածուն ունի, ԲՀԿ-ն նույնպես, բայց նորից եմ կրկնում, Շիրակի մարզ կատարած այսօրվա այցը հակաքայլ է Պետրոս Մակեյանին, որն ակտիվ գործունեություն է ծավալել, և նրանից զգուշանում են այս ձևով»,- փոխանցեց Հարություն Ուռուտյանը:

Մենք պարզաբանում խնդրեցինք այդ նույն ընտրատարածքում պատգամավորի ՕԵԿ-ական թեկնածուից`Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանից, որն Արթիկի ոստիկանապետի եղբայրն է: Նա ևս հաստատեց, որ գյուղապետերը զանգահարել ու իրեն այս մասին տեղյակ են պահել: Մեր այն հարցին էլ , թե նեղսրտողը ՕԵԿ-ական գյուղապետե ՞րն էին, Հունան Պետրոսյանն ասաց` ոչ, հանրապետականներն են ինձ զանգահարել:

Aravot.am-ն այս թեմայով զրուցեց նաև դատախազի հետ հանդիպած գյուղապետերին Գուսանագյուղի դաշնակցական գյուղապետ Վասակ Ղազարյանը հաստատեց, որ ինքը առավոտյան Հայկաձոր հանդիպման է գնացել դատախազի հետ, սակայն դեռ հարցը չտված՝ շտապեց հավելել, որ քաղաքական ոչ մի թեմա չի քննարկվել: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին Հայկաձոր հրավիրում գյուղապետերին` պարոն Ղազարյանը պատասխանեց. «Դատախազը մեր հետ մոտ է, ճաշկերույթի է հրավիրել»:

Զանգահարեցինք նաև Քարաբերդի հանրապետական գյուղապետ Մհեր Բուլոյանիին, որը թեև մասնակցել էր հանդիպմանը, նրան տեսնողներ ու բարևողներ են եղել, սակայն կտրականապես հրաժարվեց` ասելով, որ առավոտից հանդում է եղել, շատ զբաղված է և ժամանակ չի ունեցել գնալու:

Գյուղապետերից մեկն էլ, շատ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը՝ փոխանցեց. «Քուր ջան, գյուղապետը դուխ ունե՞ր չգնար, գյուղապետն ո՞վ է էս երկրի մեջ, և առհասարակ էս մեծ քաղաքակնության մեջ ո՞վ է փոքր գյուղապետը»:

Մեր լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ, Աղվան Հովսեփյանը Մխիթար Վարագյանի օգտին նման հանդիպումներ է կազմակերպում, քանի որ մոտ է Վարագյանների Ղազախստանում բնակվող միլիարդատեր եղբոր հետ, որն, ըստ որոշ տեղեկությունների, Ղազախստանի նախագահի խորհրդականն է:

Հավելենք, որ սա դատախազի ու գյուղապետերի առաջին հանդիպումը չէր, Աղվան Հովսեփյանը Վարագյանի օգտին նմանատիպ քարոզչություն արել էր նաև մարտ ամսին, երբ թեկնածուները դեռ նոր-նոր սկել էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացնել իրենց փաստաթղթերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30