Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ, համեղ եւ ինքնատիպ` «Տիրամիսու»

Ապրիլ 22,2012 21:39

Ընդամենը տաս-տասներկու րոպեի ոչ այնքան բարդ աշխատանք, մի քանի ժամվա սպասում, եւ ձեր աղանդերային սեղանը զարդարված կլինի գեղեցիկ, ինքնատիպ եւ շատ համեղ մի քաղցրեղենով, որին իտալացիները կնքել են «Տիրամիսու» անվամբ:

Տիրամիսուն շատ արագ եւ հեշտ է պատրաստվում, միայն թե ձեռքի տակ լինեն այդ քաղցրավենիքի գլխավոր բաղադրիչները` «Մասկարպոնե» սերուցքային պանիրը (թող պանիր բառը ձեզ չվախեցնի, քանի որ իրականում «Մասկարպոնեն» քաղցրահամ է եւ ավելի շատ հիշեցնում է բարձր յուղայնության կաթնասեր) եւ «Սավոյարդի» տեսակի թքվածքաբլիթները: Դրանք այժմ հասանելի են երեւանյան սուպերմարկետներում: «Մասկարպոնեն» էժան չէ` կես կիլոգրամանոց տուփն արժե  3500-4200 դրամ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սրճարաններում եւ ռեստորաններում մեկ բաժին «Տիրամիսուն» 1000-2000 դրամ արժե, իսկ մեկ տուփ «Մասկարպոնեից» առնվազն տաս-տասներկու բաժին «Տիրամիսու» է ստացվում, եւ այն հաստատ կգոհացնի ձեր հյուրերին եւ հարազատներին, ապա կարելի է համոզված ասել` игра стоит свечь.

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է`

500 գ «Մասկարպոնե» պանիր

300 գ «Սավոյարդի» թխվածք

5 ձու,

200 գ շաքարավազ

400 գ թունդ սուրճ

1-2 ճաշի գդալ կոնյակ:

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել երկու թեյի բաժակ` մոտ 400 գ թունդ սուրճ: Սուրճը, որին ավելացնում ենք մեկ ճաշի գդալ կոնյակը, պետք է լցնել խորը, բայց լայն ափսեի մեջ: Աշխատեք սուրճի մրուրը չլցնել, ցանկալի է նույնիսկ քամել: Իսկ եթե ունեք էլեկտրական սրճեփ, շատ ավելի հարմար է դրանով պատրաստված սուրճն օգտագործել:

2. Թխվածքաբլիթները հերթով թաթախել սուրճի խառնուրդի մեջ եւ տեղավորել ապակե խորը, ցանկալի է ուղղանկյուն ամանի մեջ: Երբ ամբողջ ամանը թխվածքով ծածկած լինի, վրան լցնել կրեմը:

3. Կրեմի պատրաստման համար 5 ձվի դեղնուցը լավ հարել 200գ շաքարավազի հետ, ավելացնել «Մասկարպոնեն», շարունակել հարել, բայց նվազ ջանասիրությամբ:

 

4. Առանձին հարել սպիտակուցները եւ զգուշորեն ավելացնել դեղնուցի եւ «Մասկարպոնեի» խառնուրդին: Սպիտակուցը կրեմին ավելացնելը պետք է լինի շատ զգույշ գործողություն, առանց` հարիչի, փայտե կամ ռետինե գդալով:

5. Լցնել թխածքաբլիթների վրա: Եթե ապակե ամանը փոքր չափսեր ունի, կարելի է երկհարկանի պատրաստել: Այսինքն կրեմի կեսը լցնել, հետո էլի մի շարք սրճապատ թխվածք շարել, վրան լցնել կրեմի մնացած մասը:

 

6.Այսքանից հետո մնում է մեր աղանդերը դնել սառնարան` ամենաքիչը 4, սակայն ավելի լավ է` 24 ժամով: Սառնարանից հանելուց հետո վրան առատորեն կակաոյի փոշի ցանել եւ մատուցել:

 

7.«Տիրամիսուն» չափից դուրս նուրբ եւ փխրուն է, այնպես որ դանակով չեք կարող կտրել, վերցրեք որեւէ մեծ եւ հարմար գդալ, ու դրանով մատուցեք ձեր շեդեւրը:

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30