Լրահոս
Օրվա լրահոսը

«Բը փարա չեք տալո՞ւմ». «Ժառանգությունը» Գավառում էր

Ապրիլ 22,2012 20:38

«Ժառանգություն» կուսակցության ընտրական հերթական հանդիպումն այսօր Գեղարքունիքի մարզում էր: Կուսակցության առաջին կայանատեղին մարզկենտրոն Գավառ քաղաքն էր:

«Ժառանգության» ավտոբուսը կայանեց Գավառի կենտրոնական հրապարակում, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն իջավ ու քայլելով սկսեց բարեւել ժողովրդին:

Կուսակցության առաջնորդը մտավ Գավառի հանրախանութ, անցավ բաց եւ փակ շուկաներով ու Գավառի մշակույթի պալատի դիմաց սկսեց նախընտրական հանդիպումը գավառցիների հետ:

 Իսկ մինչ այդ կուսակցության առաջնորդին ուղեկցում էին երիտասարդ «ժառանգորդները» եւ բնակիչներին բաժանում կուսակցության ծրագիրը: Գավառի բնակիչներից մեկը վերցրեց բուկլետն ու դիմեց կուսակցության երիտասարդ ներկայացուցչին. «Բը փարա չեք տալո՞ւմ»:

Արեւածաղիկ ու համեմունքներ վաճառող կինը, զարմացած անծանոթ տղամարդու ձեռքսեղմումից՝ հավաքվածներին հարցրեց. «Էս ո՞նն էր էս մարդը, բարեւ տվեց, հնցավ: Վայ, քա հիշեցի, տելեվիզրով խոսում ա»:

«Ժառանգություն» կուսակցության նախընտական քարոզարշավին եկել էին քչաթիվ քյավառցիներ. հիմնականում նրանց գաղափարակիցներն էին:

«Ժառանգության» ղեկավարը քարոզչական իր ելույթում ասաց. «Այն ինչ-որ մեր ուղեղներում է, մեր հոգիներում, պետք է մայիսի 6-ին արձանագրվի որպես մեծ հաղթանակ: Գավառը եթե ուզենա այդ հաղթանակը, ինքն էլ գիտի, ինչ պիտի անի: Մեր ձեռքերում է մեր ապագան: Եթե ուզենանք, պիտի փոխենք մեր երկիրը:

Եթե դուք ուզում եք ողորմության փոխարեն աշխատանք, աշխատավարձ, թոշակ, բոլորին, շարքային մարդուն, բանվորին, ոստիկանին, հանրային ծառայողին, բժշկին, ուսուցչին, 5 տարի «Ժառանգությունը» ձեզ է ծառայելու որպես ազգային ժողովի մեծամասնություն, կառավարություն: Ոչ մի ավելորդ լումա, ոչ մի մասնավոր բիզնես, ոչ մի ժողովրդի գրպանից հանված շռայլություն, շամպանսկայա, թիկնապահներ եւ այլն: Մեզնից մի սպասեք դղյակներ, ջիփեր, պետական փողերի շռայլ օգտագործում, այլ 5 տարի սովորական մարդու, քյավառցու թասիբին համապատասխան ծառայություն»:

«Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանն իր ելույթի սկզբում նշեց. «Երեւում է, ճակատիս գրված է, որ այսօր էլ պիտի մրսեմ»: Իր հետագա ասելիքում հիմնական շեշտը դրեց կուսակցության կայուն դիրքի, իրավական կայունության վրա:

«Մյուս խորհդարանական կուսակցությունները պարզապես խուսափում են հաշվետվություն ներկայացնելուց, որովհետեւ որեւէ դրական բան չունեն ձեզ ասելու»:

«Մենք գալիս ենք, եւ մնում է, որ մեր քաղաքացիներն էլ մեր հետ գան, այլ չմնան այն 20 տարվա մեջ: Ինչպես 1915 թվականին մեկուկես միլիոն մարդ զոհվեց, շատերը լքեցին հայկական բարձրավանդակը,այնպես էլ այս 20 ազատության ու անկախության տարիներին, որ պիտի լիներ իրական ազգահավաքը, մեկուկես միլիոն մարդ լքեց հայրենիքը: Մենք գալիս ենք մեր վերադարձը կազմակերպելու համար, այն կառավարությունը ստեղծելու համար, որը հարիր է հայ մարդուն»,- այսպիսի ելույթով հանդես եկավ «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:

Քարոզարշավի ավարտին հանդես եկավ «Ժառանգության» անդամ, գավառցիների համաքաղաքացի Ռուբեն Հակոբյան. «Քյավառցին միշտ բոնուսով է ապրել: Եթե քյավառցի ես, ապա պարտավոր ես լավը լինել, արժանապատիվ ու կռվող լինել եւ որեւէ մեկին չենթարկվել: Ես չեմ ասի «Ժառանգությանը» ձայն տվեք, դուք ձայն տվեք ձեր խղճին»:

Հավաքված քյառավցիներից մեկը «Առավոտի» հարցին պատասխանեց . «Ժառանգության խետ աբրում ենք էլի, մէ բան գլնի, չմտածես»:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30