Ընդհանրապես ես վիճել չեմ սիրում, չեմ էլ տիրապետում այդ արվեստին: Որեւէ մեկին իմ փաստարկները կամ հակափաստարկները ներկայացնելիս, ես պետք է վստահ լինեմ, որ դիմացինս ունի մոտավորապես այն մշակութային backgruond-ը, գիտելիքների պաշարը, որն ունեմ ես: Բացի այդ, զրուցակիցս չպիտի ծայրահեղ աստիճանի կաղապարված լինի կուսակցական պատկանելությամբ, կուրացած լինի այս կամ այն անձի նկատմամբ սիրուց կամ ատելությունից: Վերը թվարկած պատճառներով ես տաքսու վարորդների հետ չեմ վիճում, նրանք էլ, ճիշտն ասած, իմ տեսակետը լսելու կարոտ չեն, իրենց պետք է սեփական կարծիքն արտահայտնել: Իսկ մարդկանց մենախոսությունները ես շատ եմ սիրում լսել` մասնագիտական հետաքրքություն է:
Եվ ահա երեկ ես Հրապարակում տաքսի նստեցի հաշվիչ չունեցող մի «փափախչու» մոտ, եւ նա իր մենախոսությունը սկսեց մոտավորապես 2-3-րդ րոպեից:` Ամիրյան փողոցում: Սկիզբը ավանդական էր. «Էս Լեւոնը ո՞նց է ուզում նորից գահին նստել, երբ 90 թվականին մարդկանց սբերկասաներում եղած միլիոնները զրո դարձրեց ու ասաց` հարեւաններից պարտք արեք` ապրեք»: Ոչ մի նոր բան. լյումպեն-պրոլետարիատի այս առասպելները ես մի 1000 անգամ արդեն լսել եմ: Շարունակությունն էլ ոչ մի հետաքրքիր զարգացում չէր խոստանում. «Որովհետեւ սաղ իրանց գրպանի մասին են մտածում, դրա համար էլ աթոռի կռիվ են տալիս»: Բայց երբ մենք պրոսպեկտից թեքվեցինք Բաղրամյան, մենախոսության շարունակությունն անսպասելի ուղղության ստացավ. «Ես ձեզ կոչ եմ անում ձեր ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը»: Սովորաբար ես այդ մենախոսությունների ժամանակ լռում եմ, բայց այս անգամ «լուսաբանական» հարց տվեցի` «բա իրենք թալանչի չե՞ն»: Եվ տաքսիստը ինձ բացատրեց, որ մեր ժողովուրդը սխալ է մտածում, որ լինել հարուստ` անպայման չի նշանակում լինել թալանչի. «Այդ մարդիկ Ամերիկայում, Եվրոպայում բիզնեսներ ունեն, ու այդպես են իրենց փողն աշխատում»:
Թեքվեցինք Կիեւյան, վարորդը հետաքրքրվեց, թե որտեղ եմ ես աշխատում: Ասացի` «երգի ուսուցիչ եմ»: Հասանք «Շանթ», եւ տաքսիստը ինձնից 1500 դրամ ուզեց: Ես էլ տվեցի: Նախ` ինքս եմ մեղավոր, որ նստեցի առանց հաշվիչի «փափախչու» մոտ: Երկրորդ` վիճել չեմ սիրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ