Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի՝ եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Ազատ ոճայինների պայքարում Հայաստանից վերջինը մրցագորգ մտավ 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը: Սակայն նա առաջին իսկ գոտեմարտում պարտվեց թուրք ըմբիշին, այնուհետեւ սփոփիչ գոտեմարտում տանուլ տվեց նաեւ Ռումինիայի ներկայացուցչին ու դուրս մնաց ուղեգրի համար պայքարից:
Երեկ մրցագորգը տրամադրվեց նաեւ հունահռոմեական ոճայիններին, որոնցից ակնկալիքներն ավելի շատ էին: Սակայն մեր չորս ըմբիշներից եւ ոչ մեկը՝ Ռոման Ամոյանը, Ալեքսան Միքայելյանը, Սասուն Ղամբարյանը եւ Հրաչ Հովհաննիսյանը, եզրափակիչ չհասավ (միայն այդ դեպքում է մարզիկին օլիմպիական վարկանիշ տրվում):
Այսօր պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն, գյումրեցի 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ