Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մենք չենք ասում՝ ատամդ գնա պլոմբի՝ պետությունը թող փողը տա»

Ապրիլ 21,2012 22:08

 

«Մենք առաջարկում ենք՝ այն վիրահատությունները, որոնք կապված են մարդու կյանքի հետ, իրականացնել պետական բյուջեի հաշվին: Մենք չենք ասում՝ ատամդ գնա պլոմբի՝ պետությունը թող փողը տա: Մենք ասում ենք՝ եթե վիրահատությունը չարվի, մարդը մահանա, մարդու կյանքը պետության համար ամենամեծ արժեքն է, պետությունը պարտավոր է ինքը ֆինանսավորել այդ մարդու վիրահատության համար»,- այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նրանց այս եւ այլ խոստումներ տվեց:

 Նա «մասիվցիներին» տեղեկացրեց, որ ԵՄ-ն ուսումնասիրել է՝ վերջին 20 տարում ստեղծված աշխատատեղերի գերակշիռ մասը տեղի է ունեցել կամ պետության անմիջական մասնակցությամբ կամ պետության աջակցությամբ: Ուստի ՕԵԿ-ն առաջարկում է լուրջ ուշադրություն դարձնել զբաղվածության խնդիրներին, բոլոր նախարարությունների ղեկավարների եւ երկրում  հաջողված գործարարների մասնակցությամբ ստեղծել պետական հանձնաժողով եւ մշակել Հայաստանում  աշխատատեղերի ստեղծմանն ազգային ռազմավարություն՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը դարձնելով գերակա. «Մի օրինակ բերեմ՝ այսօր մարդը, որը ունի խելք, բայց չունի փող, չի կարող Հայաստանում դառնա սեփականատեր, որովհետեւ փող ունեցողը բազմապատկում է իր ունեցվածքը, փող չունեցողը մնում է նույն վիճակում: Փող ունեցողի համար շատ դեպքերում շատ դռներ այլ կերպ են բացվում, չունեցողի համար՝ այլ: Դրա համար մենք ասում ենք ստեղծենք մեր երկրում օրենքով ապրող հասարակություն: Դրա համար ՕԵԿ-ն առաջարկում է դուռ բացելու իր ձեւը՝ ստեղծել պետական երաշխիքային հիմնադրամ»:

Արթուր Բաղդասարյանը նաեւ ասաց, որ իրեն հազարավոր մարդիկ են դիմում, որոնք տուն են ուզում առնել. «Ասում են՝ պարո՛ն Բաղդասարյան, այդ 30% կանխավճարը չեմ կարողանում մուծեմ, 15000 $ ես միանգամից ո՞նց տանեմ մուծեմ: Հիմա մարդը աշխատում է, ուզում է գնել հիփոթեքով բնակարան, ասում են 30-40 հազար դոլար է բնակարանդ, բեր 30 % կանխավճար մուծի, մնացածը 5 տարում կմուծես, մենք առաջարկում ենք վերացնել կանխավճարը: Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար պետք չի պահանջել 30 % կանխավճար, ուզո՞ւմ է մարդը՝ խնդրեմ: Մարդը 60 հազար դրամ մուծելով՝ տանտեր կդառնա՝ 10 տարում»:

ՕԵԿ-ը նաեւ առաջարկում է, որ զինծառայողներն աշխատավարձ ստանան, որ երիտասարդ տղան այդ կերպ ե՛ւ ընտանիք պահի ե՛ւ հայրենիքին իր պարտքը տա:

Նորքում մեծամասնականով առաջադրված Մհեր Շահգելդյանը հավաքված բնակիչներին բացատրեց, թե ինչու են մարդիկ ՕԵԿ-ին սիրում. «Որովհետեւ մենք մեր ասածները միշտ իրականություն ենք դարձնում. խոսում էինք ավանդների վերադարձի համար, սկզբում չէին հավատում, այո, բյուջեն լցվեց եւ շարունակվում է: Ասում էինք երեխաների ծնվելուց միանվագ աջակցություն՝ չէին հավատում, այսօր գումարները վճարվում են»:

Մհեր Շահգելդյանին մարդիկ բողոքում են ոչ թե բնակարան չունենալուց, այլ՝ որ տանիքը կախվել է, վերելակը չի աշխատում, ջրագիծ չկա, աղբահանության խնդիր կա. «Լավ, մեծամասնականներից մեկը 2 տանիք կառուցեց, մյուսը վերելակների հարցը լուծեց, բայց սա չէ խնդիրը: Այդ բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են մատուցվող կոմունալ ծառայություններին, պետք է իրականացվեն, որովհետեւ մարդը վճարում է դրա համար՝ պետք է ամբողջությամբ փոխհատուցում ստանա: Եթե ես ստանամ իմ քվեն՝ հետեւողականորեն պայքարելու ենք, որ պետությունը դառնա ժողովրդի գործընկերը: Մասիվի խնդիրները, ինչպես նաեւ Քանաքեռի ու Զեյթունի խնդիրները լինելու են իմ խնդիրները:

Ելույթի վերջում Արթուր Բաղդասարյանը հարց տվեց մասիվցիներին՝ ովքե՞ր են այստեղ «Օրինաց երկրի» անդամ, թող ձեռք բարձրացնեն. «Տեսեք, այս ձեռքերի բազմությունը միայն հավատով մեզ միացած մարդիկ են: Մեր պայքարն ազնիվ է»: Այդուհանդերձ, Արթուր Բաղդասարյանի հեռանալուց անմիջապես հետո էլի գտնվեցին մարդիկ, որ պատռեցին նրա բաժանած ցուցապաստառներն ու բուկլետները:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30