Այսօր Երեւանի Արաբկիր համայնքում` թաղապետարանի շենքին հարող պուրակում, թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանը հանդիպեց համայնքի բնակիչների հետ: Պատգամավորի թեկնածուին ուղեկցում էին նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախընտրական շտաբի պետ Խաչիկ Քոքոբելյանն ու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ, որոնցից կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը նաեւ ելույթ ունեցան: Իսկ թիվ 4-ում առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանն ասաց, թե ինքը 4-րդ սերունդն է այն ընտանիքի, որը ի թիվս Արեւմտյան Հայաստանից գաղթածներ, եւ տարբեր երկրներում հաստատված հայերի, որոնք ներգաղթեցին Հայաստան եւ 1926 թվականին հիմնեցին նոր Արաբկիրը, որն ավան էր ու դեռ Երեւանի վարչական շրջանում չկար:
Նա հայտարարեց, թե այնտեղ, որտեղ կա դիմադրություն՝ եղել է հաղթանակ ու շարունակեց. «Նույնը եղել է նաեւ 1915 թվականին. որտեղ եղել է դիմադրություն՝ մենք ունեցել ենք փրկություն: Հիմա ես ասում եմ՝ «Ժառանգությունը», որը 5 տարի առաջ մուտք գործեց խորհրդարան, այսօր եկել է դիամդրելու այն բիրտ ուժին, այն անօրինականություններին ու անարդարությանը, որը տիրում է մեր երկրում»:
Փոստանջյանն ասաց նաեւ, որ 5 տարի առաջ, երբ որոշեց մաս կազմել «Ժառանգության» համամասնական ցուցակին, կուսակցական չէր, բայց որոշեց, որ պարտավոր է այդ ճանապարհն անցնել «Ժառանգության» հետ, «որովհետեւ շուրջ 20 տարի Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում կայացրեց տեղափոխվել եւ բնակություն հաստատել Հայաստանում», ու հայտարարեց, թե իր եւ կուսակցության նպատակն է ձեւավորել կառավարություն, կառուցել այնպիսի պետություն, ուր հայերը կգան ու ցանկություն կունենան ապրել: Պատգամավորի թեկնածուն հայտարարեց, թե իր ու կուսակցության նպատակն ու ցանկությունն է՝ կազմակերպել մեծ ներգաղթը Հայաստան, «որովհետեւ առանց հայ մարդու, այս երկիրը չի կարող ոտքի կանգնել: Մենք գալիս ենք նրա համար, որ երկրում արդարություն տիրի, որովհետեւ առանց արդարության հայ մարդն իրեն այս երկրում օտար է զգում: «Ժառանգությունը» գալիս է ձեզ հետ միասին, որպեսզի հայն ու ՀՀ քաղաքացին իրացնի արդար Հայրենիքում ապրելու իր իրավունքը»: