Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները փաստաբանից են պահանջում ադրբեջանական ֆիլմերը

Ապրիլ 21,2012 21:25

ՀՀ փաստաբանների  պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանին Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից գրություն է եկել, որով նրան հրավիրում են քննչական բաժին` ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա կատարած հարձակման գործի շրջանակներում  բացատրություն տալու:

Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ  վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: Արդյունքում գրասենյակի գույքը վնասվել է, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս է պատճառվել:

Վերոնշյալ  հանգամանքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելը եւ առիթի օրինականությունը ստուգելու նպատակով:

Գործի շրջանակներում գրասենյակի շահերը, վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, իրականացնում է փաստաբան Կարեն Թումանյանը:

Նա նշում է, որ իրենից բացատրություն  վերցնելը  անօրինական է, չի բխում օրենսդրի պայմաններից, քանի որ մի կողմից իրավապահ մարմինները չունեն լիազորություն փաստաբանից բացատրություն վերցնելու,  մյուս կողմից էլ օրենսդիրը պարտավորեցնում է փաստաբանական գաղտնիք չհրապարակել:

«Ես` որպես փաստաբան, քննչական բաժնի կողմից նախապատրաստվող նյութերի շրջանակում կազմակերպության ներկայացուցիչն եմ: Ինձ չեն հետաքրքրում դեպքին նախորդող գործողությունները, դրանց շարժառիթները: Այս դեպքում ինձ հետաքրքրում են գրասենյակի վրա  կատարված հարձակման ոչ իրավաչափ լինելն ու ոստիկանների գործողությունները»:

Բացի այդ` ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից  նրան խնդրել են իրենց տրամադրել  2012 թ. ապրլիլի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ցուցադրվելիք ադրբեջանական ֆիլմերը, ինչպես նաեւ դրանց ցուցադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեները:

Կարեն Թումանյանը անհեթեթ է համարում իրենից ադրբեջանական ֆիլմերի պահանջը:

Փաստաբանը նշում է, որ  ինքը ընդհանրապես շահագրգռվածություն չունի ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի, ապրանքների նկատմամբ:

«Ոչ «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը, ոչ մենք` փաստաբաններ Կարեն Թումանյանս ու Էդմոն Մարուքյանը, կապ չունենք ադրբեջանական որեւէ երեւույթի հետ,  դեմ ենք այդ  փառատոնին ու ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը: Էդմոն Մարուքյանն էլ այժմ արձակուրդում է, փաստաբանական գործունեություն չի իրականացնում եւ զբաղվում է նախընտրական քարոզչությամբ»:

«Ես կտրականապես հրաժարվում եմ բաժին ներկայանալուց, ավելին, այս քայլը իմ անձի դեմ որակում եմ որպես վիրավորանք»,-եզրափակում է Կարեն Թումանյանը:

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30