Երեկ Yerkir.am-ը հաղորդել էր, թե իր տեղեկություններով՝ «Ժառանգությունը» 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին:
Aravot.am-ն այսօր այդ հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմեց «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանին: Վերջինս միայն մասամբ հաստատեց այդ տեղեկությունը, մանրամասնելով, որ տեխնիկական՝ համակարգչային խնդիրների պատճառով տեղերում «Ժառանգության» հանձնաժողովականների տվյալները ընտրական հանձնաժողովներ չեն հասել, ու օգտվելով ընտրական գործող օրենսդրության համապատասխան դրույթից եւ որոշ տեղամասերում իշխանությունն ինքն է ընտրական հանձնաժողովներում նշանակումներ արել:
Հիշեցնենք, որ ըստ գործող ԸՕ-ի 42-րդ հոդվածի, 3-րդ կետի՝ «Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը սույն մասով սահմանված կարգով լրացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների` ըստ տեղամասերի բաշխման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի փոփոխվում»:
Մեր տեղեկություններով, ընտրական որոշ տեղամասերում, այնուամենայնիվ, հնարավոր է եղել իրավիճակը փրկել, բաց մեծ մասում՝ ոչ, ասվեց նաեւ, թե այդպիսի տեղամասերի թիվը 50-ի չի հասնում:Ի դեպ, այսօր, երեկոյան «Ժառանգության» նախընտրական շտաբը նիստ է գումարելու այդ հարցը քննարկման դնելու համար: