Այսօր, ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 19:20-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու վրա իրար են բախվել 50-ամյա Հայկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 21213» մակնիշի 09 ՍԼ 010 պետհամարանիշի և «Նիսսան» մակնիշի 18D 02 ARM պետհամարանիշի մեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ»-ի ուղևորը` վարորդ Հայկ Գևորգյանի 9-ամյա որդի Վարդան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 3-րդ մանկական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Նիսսան»-ը պատկանում է դիվանագիտական ներկայացուցչի, ըստ տեղեկությունների` ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը:
Կարդացեք նաև
«Նիսսան»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է, երբ տեսել է, որ դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները: Քիչ հետո դեպքի վայր պետք է ժամանի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, որից հետո կպարզվի «Նիսսան»-ի վարորդի ինքնությունը:
Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: