Այսօր «Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ապրիլի 24-ին լռության օր հայտարարելու եւ քարոզարշավից ձեռնպահ մնալու իր որոշման մասին: « Ապրիլի 24-ը դա հիշատակի եւ համազգային հարության, հանձնառության օր է, եւ Ապրիլի 24-ին ոչ մի կուսակցականություն, ոչ մի քարոզչություն, բուկլետներ եւ այլն չեն լինելու: Ապրիլի 24-ին, նրանք, ովքեր ցանկանում են միասին՝ որպես հայ ժողովրդի զավակներ, ՀՀ քաղաքացիներ, գնալ դեպի՝ անցյալ եւ դեպի՝ ապագա, այցելել Ծիծեռնակարբերդ, մենք առաջարկում ենք այդ օրը, ժամը 10-ին հավաքվել Ազատության հրապարակում եւ միասին լուռ եւ արժանապատիվ կբարձրանանք դեպի Ցեղասպանության հուշակոթող»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ երեկ, Գավառում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը լռության օր հայտարարելու մասին հայտարել էր Հայ հեղափոխական դաշնակցությունը:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը մի հայտարարություն եւս արեց՝ ասելով, որ ընտրարշավի վերջին շաբաթը՝ մայիսի 1-ին, ժամը 19-ին, «Ժառանգությունը», իր առաջնորդի ձեւակերպմամբ՝ հաղթահավաք- հանրահավաք կունենա, որին կմիանան նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանն ու Հարություն Փամբուկչյանը՝ «Ձախ Հարութը»: