Սովորաբար մենք ` հայերս, սիրում ենք հավատալ նախանշաններին` առանց գիտակցելու, որ դրանք պարզապես սնահավատության դրսևորումներ են: Սնահավատ ենք ամեն ինչում և ամեն հարցում` սկսած թափված աղի անհաջողությունից, վերջացրած մայիսյան ամուսնությունների դժբախտությունով: Մայիս-վայիս արտահայտությունը շատերին է ծանոթ, բայց արդյոք ճիշտ է hանգերի նման համընկնումը կապել դժբախտության հետ` խուսափելով ամուսնական արարողությունից:
Հայկն ու Նարինեն իրենց հարսանիքի օրը դեռ չեն որոշել, բայց մայիսին ամուսնանալը բացառում են: «Եթե ժողովուրդն ասում է, ուրեմն մի բան գիտի», – պատճառաբանում է Նարինեն: Ավանդույթի, թե սովորույթի ուժն է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր-Եսային դժվարանում է ասել, բայց միանշանակ է, որ այդ ամսին կտրուկ նվազում է ամուսնացողների թիվը: «Մայիսին պսակ չանելը գալիս է սնահավատությունից, որը դատապարտելի է: Անհիմն ու անհասկանալի է այդ օրը կապել դժբախտության ու բաժանության հետ, չէ՞ որ Աստծո կողմից բոլոր օրերն են օրհնված: Շատերն են խորհուրդ հարցրել, բայց անհասկանալիորեն քչերն են համարձակվել` չցանկանալով դեմ գնալ հասարակության կարծիքին»,- ասում է քահանան:
Ամեն դեպքում «քաջեր» էլ են լինում: 34-ամյա Հասմիկն արդեն ութ տարի է, ինչ վայելում է խաղաղ ամուսնական կյանք: «Իմ և ամուսնուս ծնողները դեմ էին, որ ամուսնանայինք մայիսին, բայց մեզ համար կարևորը սերն է: Հաշվի չառնելով ոչ մի բան` ամուսնացանք հենց այդ ամսին»,- ասում է նա:
Զագսի աշխատակից Վարդուհի Սիմոնյանը ևս փաստում է` մայիսին ամուսնությունների թվի կտրուկ նվազում է: « Եթե մյուս ամիսներին զույգերի թիվը գերազանցում է 50-ը, ապա մայիսին այդ թիվը կտրուկ նվազում է` հասնելով 15-20-ի: Պատճառներից մեկն էլ այդ ամիս հարսանիք կազմակերպելու համար միջոցների բավական սուղ լինել է »,- ասում է նա:
Քրիստինե Խլղաթյան