«ՀՀԿ-ն ոչինչ չի կարող անել առանց դաշնակիցների, ձեռքերը պիտի քցեն այս կողմ, այն կողմ: Համ մեխին, համ նալին են խփում »,- Aravot.am-ի ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպես բացատրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ մեծամասնական ընտրակարգով որոշ ընտրատարածքներում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի թեկնածուներին պաշտպանելու մասին: Նրա խոսքերով՝ «ՀՀԿ-ից դեպի մեզ չեն գալիս, որովհետեւ գիտեն, որ անիմաստ է: Մենք շրջաններում տեսնում ենք, թե ինչ մեխանիզմեներ են աշխատեցնում, մարդկանց ասել են, թե նկարահանելու ենք՝ ում քրոջ տղային, ում քեռու փեսային, ում տեսան՝ նա գործից կազատվի, բնականաբար, այդ մարդիկ էլ վախենում են, աշխատում են իրենց բարեկամներին վնաս չտալու համար չերեւան ՀԱԿ-ի հանրահավաքներին»:
Մեր հարցին, թե նախորդ ընտրություններից հետո ի՞նչ փոխվեց ՀԱԿ-ի վերաբերմունքում ԲՀԿ-ի նկատմամբ, որ էլ չեն ասում վերջ «դոդացմանը»՝ Գուրգեն Եղիազարյանը հերքեց, որ ՀԱԿ-ը երբեւէ նման կարգախոս չի ունեցել. «Եթե անկեղծ լինենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք նման արտահայտություն չի արել, նման կարգախոս չի եղել, կարող է մեկն ասել է:Ես չեմ ուզում իմ ընկերոջ անունը տալ` ով է ասել, բայց հո մենք չենք կարող բոլորին թշնամի համարել: Այսօր մենք մի խնդիր ունենք, ՝ ազատվել մի օր առաջ այս իշխանությունից, իսկ «Բարգավաճն» իշխանություն չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ