Այն բանից հետո, երբ Երկրապահի Արաբկիրի կառույցի ազատամարտիկները, որոշել էին աջակցել պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանին, լուրջ խնդիրների առջեւ են կանգնել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը.
«Ճնշումներ են եղել ազատամարտիկ տղաների նկատմամբ, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց որոշումից եւ հետ կանգնեն իրենց այդ քայլից։ Իհարկե, նրանք հրաժարվել են եւ չի ստացվել։ Երկրապահի ղեկավարությունը բազմաթիվ մարդիկ են ուղարկել ջիպերով, բոլորը լցվել են Արաբկիրի Երկրապահի գրասենյակ»։
Նրա խոսքերով՝ գրասենյակ էր գնացել նաեւ իր մրցակից թեկնածուն՝ Արտակ Սարգսյանը եւ փորձել է ստիպել իրեն սատարող հայտարարություն անել։
«Իրենք բոլորը հրաժարվել են»,- պատմեց պատգամավորի թեկնածուն։
Նրա տեղեկություններով՝ Արաբկիրի կառույցի ղեկավար Գագիկ Դավթյանին սպառնացել, պահանջել դիմում գրել եւ դուրս գալ կառույցի ղեկավարի պաշտոնից։
«Ինձ զարմացնում է մի բան, որ մարդկանց ստիպելով փորձում են դարձնել այս կամ այն թեկնածուի համակիրը, աջակիցը, սատարողը։ Դրան են լծված ամբողջ մի թաղապետարան, ոստիկանություն, քաղաքապետարան, նախագահի նստավայր, աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար, տարածքային կառավարման նախարար, նախագահի անվտանգությունը՝ ի դեմս Վաչիկի, լծված են մի գործի, որպեսզի Արտակ Սարգսյանին դարձնեն պատգամավոր, ինձ սա է զարմացնում եւ վիրավորում։ Ամբողջ պետությունը իջել է մի խանութպանի մակարդակի»,- եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը։