ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու իր գլխավորած ՀՀԿ-ի հռչակած կարգախոսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ «Հավատանք, որ փոխենք», ի սկզբանե էլ շատ հավակնոտ էր ու «աստվածային»՝ «երանի նրան, ով չի տեսնի, բայց կհավատա»-ի մոտիվներով: Բայց ինչպես ցույց է տալիս նախընտրական քարոզարշավի 10 օրերի ընթացքը՝ Սերժ Սարգսյանի կուսակցությանը հավատալու որեւէ հիմք երբեք էլ չի եղել ու այսօր էլ չկա, ուստիեւ չկա իշխանությունների կողմից մեր երկրում ինչ-որ բան փոխված տեսնելու ակնկալիք:
Այդ կարգախոսն ի սկզբանե մեռելածին է ու ոչ կենսունակ, դա ընդամենը քարոզչական, ընտրողների աչքերին թոզ փչելու հերթական հնարք է, իսկ փաստարկներ, որոնք կապացուցեն այս պնդումը՝ բազմաթիվ են.
- ՀՀԿ-ն ու այն գլխավորող Սերժ Սարգսյանը նախկինի նման իրենց քարոզարշավը «ծաղկացնելու» եւ «մարտաշատության» տպավորություն ստեղծելու համար գործի են դնում վարչական լծակներն ու նախկին փորձով այդ կուսակցության նախընտրական հանրահավաքներին մասնակցելու են հարկադրում հանրակրթական հիմնարկների՝ դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների ուսուցիչներին, դաստիարակներին, ծնողներին ու նաեւ սովորողներին,մասնավոր ձեռնարկությունների անձնակազմերին:
- Ահաբեկման ու բռնությունների են ենթարկվում պատգամավորի թեկնածուները՝ թիվ 21 ընտրատարածքում անկուսակցական Մերուժան Մխոյանը, իսկ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համակիրները՝ նույնպես պատգամավորի թեկնածուներ Գայանե Առուստամյանը, Զոյա Թադեւոսյանն ու Բաբկեն Գարոյանը:
- Նախապես ուռճացվում է ընտրողների ցուցակը, եւ դա արվում է ամենատարբեր հին ու նոր մեթոդներով:
- Չեն կանխվում կամ առնվազն իշխանության կողմից չեն դատապարտվում ընտրակաշառքի, այդ թվում՝ դրամական( հենց ընտրողների խոստովանությամբ՝ դա հասնում է 8-10 հազար դրամի) կամ «տրակտորային նվիրատվությունների» տեսքով, նախկինի նման լայնորեն կիրառվում է անձնագրերի տվյալների կամ անգամ անձնագրերի հավաքագրման պրակտիկան:
- Ընդդիմադիր կուսակցություններն ու թեկնածուները նախընտրական ենթաշաբներ բացելիս հանդիպում են խոչընդոտների՝ Սյունիքի մարզում «Ժառանգությունը», Երեւանի Աարբկիր համայնքում՝ ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանը:
Սա արդեն նշանակում է՝ ընտրությունները մեր երկրում ընթանում են այնպես, ինչպես նախորդ տարիներին, ու այս համատեքստում ՀՀԿ-ի հռչակած կարգախոսն ընդամենը գեղեցիկ, բայց դատարկ ճառ է, որն իրականության եւ ՀՀԿ-ի, ասել է թե՝ իշխանությունների, փաստացի գործողությունների հետ, ինչպես միշտ, որեւէ աղերս չունի, չկա նաեւ այդ կարգախոսին հավատալու որեւէ հիմք: Շատ մեծ հույս ունեմ, որ սա հասկանում են նաեւ մեր շարքային քաղաքացիներն, ու նրանք իրենց քվեարկությունն այս անգամ կատարելու են ոչ թե «Հավատանք, որ փոխվենք»-ի կարգախոսին վստահելով, այլ՝ «Փոխվեք, որ հավատանք»-ի սկզբունքով: