Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախընտրական պայքար ասֆալտ-շիբինով

Ապրիլ 21,2012 13:27

Ասֆալտապատված շենքերի բակերից կարելի է հասկանալ, թե տվյալ շենքում որ թեկնածուի կողմնակիցները կամ որ կառույցի ղեկավարն է բնակվում:

Հիվանդանոց տանող փողոցներից մեկը մնում է քարուքանդ:

Ասֆալտը ՀՀԿ-ն է արել, շիբինը՝ ԲՀԿ-ն:

Վերջին 1 ամսում Մասիսի տարածաշրջանում, ինչպես Հայաստանի մյուս շրջաններում, թվում է՝ բարության մթնոլորտ է տիրում, մոռացվածության կարգավիճակից դուրս են եկել կարիքավորները, հիվանդները, նրանց դարդին սկսել են դարման անել: Տարիներ ի վեր քանդված ու դարուփոսերով լի շենքերի բակերը նույնպես հայտնվեցին ուշադրության կենտրոնում. վերջին 1 ամսում Մասիսի շենքերի բակերը «հեղեղվեցին» շիբինով: Նախաձեռնությունը թիվ 16 ընտրատարածքի ԲՀԿ կառույցինն էր: Այստեղ շարժվեց ՀՀԿ-ի խանդը, եւ նույն շիբինի վրա գեղեցիկ ասֆալտ փռվեց, բայց այնպես փռվեց, որ կոալիցիոն գործընկերոջ արածը ջուրը չլցվի՝ ասֆալտի կողքին շիբինն էլ երեւա: Դա է պատճառը, որ Մասիսի շենքերի բակում հանդիպում է հատուկ սահմանագծով տարանջատված ասֆալտ-շիբինային ծածկույթ: Իսկ որ ամենահետաքրքիրն է, այս բակային քաղաքականության մեջ անգամ կոալիցիոն գործընկերները անտեսել են խորհրդարանական ընդդիմությանը եւ անասֆալտ են թողել «Ժառանգության» տարածքային կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանի բակը՝ մտածելով, որ Նուբարն այստեղ շատ ձայն է տանելու, ավելորդ ծախս պետք չէ անել: Իսկ որ ամենահետաքրքիրն է, «բարեգործները» անասֆալտ են թողել քաղաքի կենտրոնական փողոցները, որոնք հատկապես խիստ բարեկարգման կարիք են զգում. դե, կենտրոնական փողոցը ասֆալտեն, դրա դիմաց ումի՞ց ձայն պահանջեն: Բակերում հարցը հեշտ է՝ կոնկրետ շենքեր, կոնկրետ թվով բնակիչներ՝ իրենց «տենչալի» քվեներով:

Սակայն իրականում այստեղ տիրում է վախի մթնոլորտ: Մարդիկ վախենում են ոչ միայն օտարների հարցերին պատասխանելուց, այլեւ իրենք իրենց անձնական շփումների մեջ են զգուշավոր: Հարցին՝ ումի՞ց են վախենում, մասիսցիները տալիս են անորոշ, բայց ենթատեքստ ունեցող պատասխաններ. «Մեզ պետք չի ոչ հանրապետականը, ոչ բարգավաճը, հանգիստ թողեք մեզ»: Ոմանք համաձայնվում էին խոսել միայն առանց ձայնագրիչի եւ ասում են, որ քաղաքում թշնամանք է տիրում, իրար դեմ լարվել են անգամ հարազատ-բարեկամները, խնամի, քավոր-սանիկները: Մարդիկ վախից արդեն բոլորի մեջ լրտեսների են տեսնում, որոնք կոչված են «բացահայտելու», թե ով ում կողմից է՝ Մուրադի՞ (ՀՀԿ-ական թեկնածու Մուրադյան), թե՞ Տիկոյի (ԲՀԿ-ական թեկնածու Տիգրան Ստեփանյան): Քաղաքում ավելի համարձակ խոսում են Մուրադ Մուրադյանի կողմնակիցները, կամ մարդիկ, որոնք գոնե արտաքուստ նրա ընտրողներն են եւ համարձակվում են այդ մասին բարձրաձայնել: Դրանից կարելի է հետեւություն անել, որ սպառնացող կողմը հիմնականում ՀՀԿ թիմն է: Այս առումով «Ժառանգության» Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանն «Առավոտին» ասաց. «Մեզ մոտ կարծես թե Վարդանանց պատերազմն է, եւ դավանափոխներ են փնտրում, որ պատժեն: Եվ Աստված չանի, որ հայտնաբերվեն, մարդկանց սկսում են սպառնալ, թե կվնասեն երեխաներին, ընտանիքի անդամներին, անգամ եղել են դեպքեր, երբ մարդկանց աշխատանքից ազատել են: Էլ չեմ ասում, որ եթե հանկարծ մարդը ընդդիմության կողմնակից լինի, հարբած փղերով կգան-կհարձակվեն: Քիչ է մնում տարած հարսներին հետ ուղարկեն, եթե նրա հարազատը հակառակ ճամբարում լինի: Ատելությունն ու չարությունն այստեղ հասել են գագաթնակետին»: Նուբար Հակոբյանը ցավով նշում է նաեւ, որ մասիսցիներն արդեն սովորել են փողով ընտրություն կատարելուն. «Եթե Աթաթուրքն ու Քրիստոսն այստեղ առաջադրվեն, Քրիստոսը, բնականաբար, փող չի բաժանի, Աթաթուրքը փող կբաժանի ու կհաղթի: Դա մեր ամենամեծ ողբերգությունն է, որ մեր ժողովրդին դարձրել են այդպիսին: Չնայած հիմա մարդիկ ճարպիկացել են՝ փողը վերցնում են, այլ մարդու ընտրում»:

Մասիսում բնակիչներին նյարդայնացնում է նաեւ թեկնածուների նախընտրական պաստառների ու նկարների առատությունը. «Սա ի՞նչ բան է, ամեն քայլափոխի իրենց հայացքը սատանի նման հետեւում է մեզ, հայացքդ որտեղ էլ փախցնես, նրանց ես տեսնում, անգամ ասֆալտ անող մեխանիզմի վրա են թեկնածուի նկար դրել: Մնում է խանութում վաճառվող կանաչու ու սոխի վրա գնի փոխարեն նրանց նկարները դնեն: Չի կարելի մարդկանց այդքան հոգնեցնել՝ իրենց դեմքը մեզ պարտադրելով»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30