Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհետ կորածների ծնողների համար պատերազմը չի ավարտվել

Ապրիլ 21,2012 13:22

Նրանք իրենց զավակներին տեսնելու հույսը չեն կորցնում

«Բոլորի համար պատերազմն ավարտվել է, իսկ մեզ համար՝ ոչ: Պատերազմը մտել է մեր ընտանիք ու դուրս չի գալիս: Ես խնդրում եմ, աղաչում եմ իշխանավորներին, պատգամավորներին, որ երբ հավաքվում են միջազգային ատյաններում ու պետական հարցեր լուծում, ինչ հարց էլ որ բարձրացնում են, վերջում թող հիշեն անհետ կորածների մասին: Մեր երեխաներն իրենց պարտքն էին կատարում հայրենիքի հանդեպ ու հիմա անազատության մեջ են: Աստվածահաճո գործ կլինի նրանց կողմից արված թեկուզ եւ մեկին գտնելը: Մենք այսօր ամենավատին ենք պատրաստ, միայն թե մի տեղեկություն լինի»,- «Առավոտի» հետ զրույցում արցունքն աչքերին իր եւ անհետ կորած զինծառայողների ծնողների անունից ՀՀ իշխանություններին դիմեց Շիրակի մարզի բնակիչ Լարիսա Չախոյանը: Լ. Չախոյանի որդին՝ Հայկ Գալստյանը, 1999 թվականին զինվորական ծառայության մեջ է եղել Տավուշի մարզում, բայց նույն թվականի հունիսի 4-ին արձակուրդ մեկնելիս Պառավաքար-Իջեւան հատվածում անհետ կորել է: Հայկի անհետանալուց մոտ 10 օր հետո, տիկին Լարիսայի պատմելով, ինչ-որ ադրբեջանցու միջոցով տեղեկացել են, որ որդին Բաքվի բանտում է, նույնիսկ որդուց նամակ են ստացել, որը եւս հավաստել է, որ բանտախցում փակված է: Արդեն 13 տարի է՝ տիկին Լարիսան հույսը չի կտրում եւ սպասում է որդու վերադարձին. «Սուտ է, որ ասում են՝ մեր երեխաները չկան, ես մոր սրտով զգում եմ նրա ներկայությունը, եւ ոչ մի անգամ մտքովս չի անցել, որ իմ երեխան չկա, ես հաստատ գիտեմ, որ նա այնտեղ է ու ճաշակում է ադրբեջանական բանտերի բոլոր սարսափները: Աղաչում եմ, դա Աստծուն դեմ է՝ մարդուն զրկել ազատությունից ոչինչ չանելու համար»: Տիկնոջ ներկայացմամբ՝ որքան էլ փորձել են տարբեր պետական կառույցների միջոցով որդու մասին տեղեկություն ստանալ ու վերադարձնել, մշտապես պատասխանել են՝ հիմա ոչինչ անել հնարավոր չէ: 2008 թվականից Հայաստանի հետ նման համագործակցություն չի կայանում, նույնիսկ միջազգային կառույցների խառնվելուց հետո էլ Ադրբեջանն իր քաղաքականությունը չի փոխում:

Մեզ հետ զրույցում գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն ասաց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմի բոլոր հարցումներին անգամ հերքումով չի արձագանքում՝ ոչ հաստատում է, ոչ էլ հերքում, որ այսինչ անձն իրենց մոտ է կամ ոչ. «Դա Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումն է, եւ դա նրանք պատճառաբանում են՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, վերոնշված ուղղությամբ չեն համագործակցելու: Այնուամենայնիվ, մենք միջազգային բոլոր հնարավոր կառույցներում բարձրացնում ենք այս հարցը»:

Ըստ Ա. Կապրիելյանի՝ միայն Հայաստանից 200-ից ավելի անհետ կորածներ կան, որոնց թվում, բացի զինծառայողներից, ազատամարտիկներից, նաեւ սովորական քաղաքացիներ են: Ընդ որում, մոտ 90-ի վերաբերյալ գոնե որոշակի տեղեկություններ կային, որ օրինակ՝ գերի են ընկել, սակայն այս պահին որեւէ տեղեկություն չկա նրանց ողջ կամ մահացած լինելու մասին: Ըստ Արմեն Կապրիելյանի՝ Լեռնային Ղարաբաղի անհետ կորածների թիվը 3 անգամ գերազանցում է Հայաստանի թվին: Չնայած Ադրբեջանի նման դիրքորոշմանը՝ Հայաստանը բազմաթիվ անգամ, Արմեն Կապրիելյանի խոսքերով ասած՝ բարի կամք է դրսեւորել եւ վերադարձրել ադրբեջանցի գերիներին: Այսօր Հայաստանում 1 ադրբեջանցի, արդեն նախկին զինծառայող կա, որն էլ բնավ ցանկություն չունի վերադառնալ իր հայրենիք:

Այս տարիների ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ անհետ կորածների հարազատներն այլեւս տեղական ու միջազգային կառույցների վրա հույս չեն դնում եւ սեփական նախաձեռնությամբ են փորձում գտնել իրենց հարազատներին: Սովորաբար դա արվում է որեւէ՝ չեզոք օտարազգի ներկայացուցչի միջնորդությամբ: Սակայն Ա. Կապրիելյանի վստահեցմամբ՝ մինչ օրս անգամ մի դեպք չի եղել, որ այդ ճանապարհով հարազատները գտնեն իրենց անհետ կորածին. «Հայտնվում են ինչ-որ անձինք՝ վրացի, չեչեն՝ եւ, օգտվելով հարազատների անօգնական վիճակից, հսկայական գումար կորզելով՝ ոչինչ էլ չեն անում: Ասում են՝ մենք ձեր երեխայի գրած նամակը կբերենք կամ՝ նկարը, տեսանյութը, այնինչ դա ընդամենը մեծ գումարներ պոկելու առիթ է: Մենք զգուշացրել ենք, որ մեզ տեղեկացնեն, թե այդ ովքեր են: Մի դեպք չի եղել, որ գումարը տան ու իրենց հարազատին վերադարձնեն»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալներով՝ 1992-ից իրենց մոտ գրանցվել է 4600 անհետ կորած՝ Հայաստանից, ԼՂՀ-ից եւ Ադրբեջանից: ԿԽՄԿ որոնման բաժնի աշխատակից Սուսաննա Գասպարյանի խոսքերով՝ հայ ընտանիքների տրամադրած տվյալների հիման վրա անհետ կորածների թիվը Հայաստանից 404 է, իսկ ԼՂ-ից՝ 446, մնացածն էլ՝ Ադրբեջանից: Ս. Գասպարյանի խոսքերով՝ այս թվերը փոփոխական են, քանի որ պարբերաբար դիմողներ են լինում: Անհետ կորածների՝ ողջ կամ մահացած լինելու վերաբերյալ տվյալներ անգամ միջազգային կառույցն ի վիճակի չէ ստանալ:

Ըստ Ս. Գասպարյանի՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մի քանի անգամ ցուցակներ է փոխանցել հակամարտող կողմերի իշխանություններին, որոնք էլ պատասխանատու են անհետ կորածների համար. նրանց ճակատագրերի մասին այսօր որեւէ պատասխան չկա»: 2009-ից ԿԽՄԿ-ն ավելի մանրամասն տեղեկություններ է հավաքագրում անհետ կորածների վերաբերյալ, որպեսզի հետագայում դրանք օգտագործեն աճյունների արտաշիրիմումից հետո ինքնության գործընթացի ժամանակ: Իսկ թե այդ արտաշիրիմումը երբ կսկսվի, ոչ ոք չգիտի: Ըստ ԿԽՄԿ-ի՝ 2010-ին այս կազմակերպության միջոցով 4 աճյուն, 1 զինծառայող եւ 1 քաղաքացիական անձ է հայրենադարձվել Ադրբեջան: Նույն թվականին Հայաստան է վերադարձվել 2 հայի աճյուն: Իսկ 2011-ին՝ 1 ադրբեջանցի զինծառայող է վերադարձվել եւ 1 Հայաստանի քաղաքացիական անձ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30