Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ծոծրակը կտեսնի, նախագահի աթոռն այլեւս չի տեսնի»

Ապրիլ 21,2012 13:06

ՀԱԿ հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

Երեկ ՀԱԿ հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմեց, որ տարիներ առաջ Մեղրիի ճանապարհին Սամվել Ալեքսանյանին տեսել է, թե ինչպես է կամրջի վրայով պարկերով շաքարավազ կրում՝ մեջքի վրա դրած: Նրա խոսքերով՝ կրողներ շատ կային, բայց նա բոլորին ճանապարհից հեռացրել է ու մնացել մենաշնորհատեր:

ՀԱԿ առաջնորդը ներկայացրեց, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը կատարել Ղարաբաղի հարցում մեծագույն սխալը եւ այն դուրս հանել բանակցող կողմ լինելուց: Դրանում, ըստ ՀԱԿ առաջնորդի, մեղավոր է միայն Ռոբերտ Քոչարյանը: Թեեւ Սերժ Սարգսյանն էլ պաշտպանության նախարար էր եւ մեղավոր էր միայն իր մասով, բայց որոշողը Ռոբերտ Քոչարյանն է եղել. «Նա ասաց՝ ես Ղարաբաղի նախագահն էլ եմ եղել, ես կներկայացնեմ եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը, պետք չի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Այնպիսի մի նվեր արեց ադրբեջանցիներին եւ միջազգային հանրությանը, այնքան միամիտ էր, որ չկարողացավ դա ծախել՝ ձրի տվեց, էժան՝ կոպեկներով, ինչ է թե՝ միջազգային հանրությունը կասեր՝ տեսեք, ինչ տղա է, լայնախոհ, ուզում է լուծել Ղարաբաղի հարցը»: Սա լսելուն պես՝ Ազատության հրապարակում հավաքվածները տարաբնույթ որակումներ էին տալիս Ռոբերտ Քոչարյանին՝ նրան անվանելով «թուրք»: Այս հարցում արդարացնելով Սերժ Սարգսյանին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքն արդար մարդ է եւ չի ուզում ուրիշի մեղքերը բարդել նրա վրա. «Սերժ Սարգսյանի մեղքերն այնքան շատ են, որ նոր մեղք ավելացնելու կարիք չկա»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ երբ մտնեն խորհրդարան ու մեծամասնություն կազմեն, առաջին իսկ նիստին բարձրացնելու են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը. «Եթե մեծամասնություն չենք կազմում, բայց մեր կողքին լինում են ուժեղ ընդդիմադիր խմբակցություններ, մենք նորից բարձրացնում ենք այդ հարցը: Եթե դա էլ չի լինում, նախագահական ընտրությունները հեռու չեն, մենք խորհրդարանը դարձնելու ենք պլացդարմ, տրամպլին, որ հարցը լուծենք նախագահական ընտրություններին»: ՀԱԿ առաջնորդը խոստացավ նաեւ, որ գիշեր-ցերեկ ամեն նախարարից, վարչապետից, նախագահից սկսած՝ հաշիվ են պահանջելու. «Լինի դա ոստիկանապետը, դատախազը՝ խորհրդարանից դուրս չեն գալու, գիշեր-ցերեկ լինելու են մեր հարցերի տարափի տակ»:

Հավաքվածներին ամենաշատը ոգեւորեց Տեր-Պետրոսյանի այն դիտարկումը, որ իշխանությունը պետք է փոփոխական լինի, նախագահը պետք է երկար չղեկավարի, նման սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում. «Ամենալավ, ամենասուրբ իշխանությունն անգամ եթե երկար ժամանակ մնում է իշխանությունում, նա լավագույն դեպքում երկիրը տանում է լճացման, վատագույն դեպքում՝ բռնապետության: Այդպես է ամբողջ աշխարհում: Իշխանությունը պետք է փոխվի»: Նա վստահեցնում էր, որ ուզում են իրենց ձայն տան միայն այն բանի համար, որ իշխանությունը վերադարձնեն ժողովրդին. «Կկատարվեն մեր խոստումները՝ շատ լավ, չեն կատարվի՝ կտաք մեր վզակոթին, կքշեք իշխանությունից. ահա սրա համար ենք ուզում գալ իշխանության: Մեզ վռնդելու իրավունք տալու համար: Ժողովուրդը շատ լավ չի հասկանում, որ խորհրդարանական ընտրություննները շատ ավելի կարեւոր են, քան նախագահական ընտրությունները, որովհետեւ եթե խորհրդարանը իշխանությունների գրպանում չլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանք երբեք նախագահ չէին ընտրվի: Եթե խորհրդարանը դարձնում եք հակակշիռ՝ Սերժ Սարգսյանը ծոծրակը կտեսնի, նախագահի աթոռն այլեւս չի տեսնի: «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը ձայն բարբառո հանապատի չի մնալու, դուք պետք է այնպես անեք, որ Սերժ Սարգսյանը, բացելով քվեատուփը, մի քվեաթերթիկ անգամ իր անունով չտեսնի: Դուք ինձնից անընդհատ պահանջում էիք՝ Հիմա, մայիսի 6-ը այդ հիմա-ն է, հիմա-ն եկել է, դե արեք այն, ինչ ինձնից պահանջում էիք: Եթե ձայն տաք ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, դառնում եք սեփական երկրի կործանման միջոցը»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ տեսնի թե չտեսնի, իր ծոծրակը պիտի անպայման տեսնի:

  2. Ettentcchi says:

    Տեսնես ետ դարդին ոնց է դիմանալու: Խեղճ մարդ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30