Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատությունը երբեք չի նշանակել խոսքի անարխիա

Ապրիլ 21,2012 12:56

Համոզված է ԱԺ պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը

– Նախընտրական քարոզչության առաջին տասն օրերն անցան, ի՞նչ տպավորություններ ունեք:

– Նախընտրական քարոզարշավը առայժմ ընթանում է բնականոն հունով, հուսամ՝ այդպես էլ կավարտվի, եւ չեն լինի ընդգծված առճակատումներ: Մրցամարտի ելած քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում է ինքնացուցադրվել, եւ դա նորմալ է, սակայն, ցավոք, ոմանք իրենց ու իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն՝ մրցակիցներին են «ներկայացնում» հնարավոր եւ անհնար դրսեւորումներով՝ օգտվելով սեւ քարոզչության տեխնոլոգիաներից: Առայժմ միայն  մեկ-երկու քաղաքական ուժեր են քարոզչության առանցքում պահում մինչ այժմ  կատարած գործերը, չկատարածների մասին բացատրություններ տալիս եւ խոստանում ընտրվելով՝ անել ավելին: Թերեւս սա պետք է լինի նախընտրական տրամաբանության ելակետը: Ցավոք, ոչ բոլորն են առաջնորդվում այս  տրամաբանությամբ եւ իրենց թիվ մեկ խնդիրն են դարձրել մյուսներին հերքելը, հայհոյելը, բառախեղդ անելը: Անկեղծ ասած՝ այս ամենի մեջ իմ հոգսը ՀՀ քաղաքացին է, շարքային ընտրողը, որ գնում է հանդիպման՝ լսելու, թե իրեն ինչ են ասելու, ինչպես են բացատրելու իր երեկվա ու այսօրվա կյանքը, ինչ են ապագայի համար ծրագրում, փոխարենը լսում է ինքնագովազդ եւ այլոց հակագովազդ: Քանի դեռ փոխադարձ անհանդուրժողականությունը չի վերացել, մենք ականատես կլինենք արհեստականորեն ձեւավորվող սրացումների, որոնք անհրաժեշտ են նրանց, ովքեր համոզված չեն, որ բավարար ձայներ կստանան: Իսկ այսօր իշխող քաղաքական ուժին՝ Հանրապետականին, արհեստական սրացումները բոլորովին պետք չեն, քանի որ, ուզենք թե չուզենք, ընտրության պատասխանատվությունը հենց այդ ուժի վրա է:

– Արդեն լուրեր կան, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բռնությունների են դիմել: Սոցհարցումների համաձայն՝ ՀՀԿ-ն առաջատար է: Եթե այդպես է, ինչո՞ւ է առաջատարը դիմում բիրտ մեթոդների:

– Քանի դեռ լուրերը չեն հաստատվել եւ չեն ապացուցվել օրենքի պահանջներին համապատասխան, եկեք ձեռնպահ մնանք այլոց ջրաղացին ջուր լցնելուց: Լրագրող աշխատածս տարիներին, դժբախտաբար, ականատես եղել եմ, թե որոշ  «պատմական դրվագներ» ինչպես են բեմադրվում եւ ինչպես են ոմանք հայտնվում «զոհի» կերպարում՝ հետագայում «լուսապսակով» ներկայանալու համար: Դուք եք հաստատում, որ սոցհարցումներով ՀՀԿ-ն առաջատար է: Ուրեմն՝ նաեւ բնական է, որ ավելի շատ ՀՀԿ-ից են ոմանք «մրսում»:

– Ընտրապայքարին մասնակից ուժերի կարգախոսներում ընդգծվում է երկու բառ՝ հավատա, վստահիր: Ի՞նչ է սա, պարզ զուգադիպությո՞ւն, վստահության եւ հավատի պակասի անուղղակի հավաստո՞ւմ, ի՞նչ…

– Հավատի եւ վստահության պակաս, այո, մենք այսօր ունենք, ինչո՞ւ թաքցնել եւ ումի՞ց: Բոլորս էլ ապրում ենք միեւնույն իրականությունում եւ գիտակցում ենք, որ, այո, կա հավատի եւ վստահության պակաս, եւ հենց այդ գիտակցությունն է ՀՀԿ-ին եւ բոլոր քաղաքական ուժերին պարտադրում խոսել առաջին հերթին հավատի եւ վստահության վերականգնման անհրաժեշտության մասին: Եվ այդ անկեղծությունը պետք է միայն ողջունել: Պետք չէ վախենալ վատը տեսնելիս, պետք չէ նաեւ վարդագույն ակնոցով նայել իրականությանը, ընդհակառակը՝ պետք է իրականությանը նայել շիտակ, անկողմնակալ, բաց աչքերով, անգամ՝ լայն բացված: Բաց աչքերով տեսնող մարդն է ի վիճակի գնալ փոփոխությունների, եւ լավ է, որ դա արդեն շատերն են գիտակցում:

– ԱԺ պատգամավոր դառնալուց հետո ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:

– ԱԺ պատգամավոր դառնալուց հետո իմ բոլոր քայլերը լինելու են առաջին, համենայնդեպս՝ առաջին տարում, քանի որ, որքան էլ ասենք, թե մենք՝ լրագրողներս, քաղաքականության եւ քաղաքական դաշտի մասին գիտենք ամեն ինչ կամ՝ գրեթե ամեն ինչ, եւ որքան էլ դա ճշմարիտ է, միեւնույն է՝ այդպես չէ: Իրականում սա ինձ համար նոր դաշտ է, եւ ես շատ բան ունեմ սովորելու, բայց, հատուկ շեշտեմ, ես գիտեմ, թե որտեղից եմ գնում եւ ուր եմ գնում: Իսկ մարդը, ով ունի անցյալ, կարող է ներկան եւ ապագան կառուցել ըստ արժանվույն:

– Կանանց եւ հատկապես կին լրագրողների ներկայությունը խորհրդարանում, բացի ԱԺ-ն «գեղեցկացնելուց», ուրիշ ի՞նչ փոփոխությունների է բերելու:

– Ասեմ՝ ինչ չի փոխվի. կմնամ միշտ հասանելի իմ ընկերների, ընտրողների եւ բոլորի համար, ովքեր իմ օգնության կարիքը կզգան, չի փոխվելու իմ հեռախոսահամարը, չեն փոխվելու իմ ընկերները, եւ չեն փոխվելու իմ սկզբունքները, իսկ մնացածը՝ կապրենք, կտեսնենք:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ բավականին մեծ թվով լրագրողներ են պատգամավոր դառնալու հայտ ներկայացրել:

– Միայն դրական, քանի որ մենք՝ լրագրողներս, ընդհանրապես շատ լավ «ժողովուրդ ենք», եւ եթե հնարավորություն ունենանք մեր ներուժը գործածել հանուն դրական փոփոխությունների, շահեկան կլինի բոլորի համար: Մյուս կողմից՝ լրագրության մի նորօրյա տեսակ կա, որ երբեք չեմ ընդունել եւ չեմ ընդունի երբեւէ՝ եթե լրագրողը ունի հնարավորություն տեղեկություններ տարածելու եւ իր կարծիքը տիրաժավորված ներկայացնելու, դա նրան ամենեւին իրավունք չի տալիս չարաշահել այդ հնարավորությունը: Խոսքի ազատությունը երբեք եւ ոչ մի դարաշրջանում չի նշանակել խոսքի անարխիա:

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30