Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» երբեք չի մտնելու ուրիշների խաղի մեջ»

Ապրիլ 21,2012 12:51

Երեկ Գյումրիում հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը

Ըստ նրա՝ բավական է Մասիսի կենացը խմելով ապրել, անհրաժեշտ է այս քաղաքը եւս ազատագրել վանդալիզմից: Խոսելով երկրաշարժի հետեւանքների ու մինչեւ այսօր «դոմիկների» հույսին մնացած մարդկանց մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավով նշեց, որ հայոց իշխանությունը՝ բոլոր նախագահությունների օրոք, այս քաղաքի հարցը չի լուծել: «Սա նախընտրական ճառ չէ, սա իմ պահանջն է. «Ժառանգության» կյանքի ու մահի գնով այս հարցը պետք է լուծենք բոլորի համար, սա արդեն պատվի խնդիր է, եւ անձրեւ է, թե ձյուն է, թե աթոռակռիվ է՝ կապ չունի, հայ մարդը սեփական հայրենիքում, ոչ թե սովետի կամ Օսմանյան կայսրության, իր երկրի, իր տանիքի տերը պետք է լինի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ շեշտեց՝ եթե Գյումրիում, Վանաձորում, Նալբանդում կա թեկուզեւ մի ընտանիք, որը մնացել է առանց տանիքի, ուրեմն իր կուսակցության բոլոր անդամները նրանց պես պետք է ապրեն: Նա քննադատեց նաեւ շվայտ կյանքով, թիկնապահներով, ջիպերով, պատվիրակություններով ապրող նախագահին, վարչապետին նախարարներին: «Ի վերջո հայ մարդը իր միջից օտարը պետք է հանի եւ ասի՝ սա իմ տանիքն է, սա իմ դոմիկն է, եւ քանի դեռ մի դոմիկ կա Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի մեծամասնությունը՝ կառավարությունը, վարչապետարանը եւ նախագահությունը, իրավունք չունի նորմալ, հանգիստ կյանք ապրել 5 աստղանի հյուրանոցներում: Ուզո՞ւմ եք 5 աստղանի հյուրանոց քվեարկել, դա արեք, եւ հետո հաշվետվության հրավիրեք հենց այս հրապարակում, այս անձրեւի տակ, բայց եթե դուք ուզում եք մի փոքր համեստ մեծամասնություն, համեստ իշխանություն, համեստ կառավարություն եւ նախագահություն, ուրեմն դուք պիտի ասեք՝ «Ժառանգություն»: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ իշխանության գալու դեպքում «Ժառանգությունը» շիրակցիներին հաշվետու կլինի աշխատանքի, ապաստարանի, որակյալ բնակարանի հարցով, բայց ոչ երբեք՝ ողորմության: Նրա ասելով՝ նա, ով կուսակցական կամ իշխանական առաքելությամբ է գալիս Գյումրի, հարակից գյուղեր ու ասում է՝ վերցրեք էս բժիշկը, տոպրակը, գրպանի պարունակությունը, ապա նա սրտացավ ընկեր չէ: «Ժառանգության» հիմնադրի խոստանալով՝ մայիսի 6-ից նոր Հայաստանում ենք ապրելու, որտեղ ամենեւին էլ կարեւոր չէ՝ նոր մեծամասնության կրողը «Ժառանգությո՞ւնն» է, Րաֆֆի՞ն, թե՞ անունը Սերժ է, Լեւոն է կամ Ռոբերտ: «Այս կուսակցական այլանդակները թող մրցակցեն, բայց ոչ երբեք աթոռակռիվ անեն, բայց ոչ երբեք ժողովրդին բերեն այն հորձանուտը կեղտախոսության, որը հիմա փորձում են անել: «Ժառանգությունը» դրա հետ կապ չունի, «Ժառանգությունը» իր ժողովրդի հետ իր գործը անելու է, հարգում է բոլորին, բոլոր մրցակիցներին, բայց երբեք չի մտնելու ուրիշների խաղի մեջ»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ անձրեւից թրջված ու դողացող Զարուհի Փոստանջյանը, որին Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես ներկայացրեց. «Մի մարդ, մի կին, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի իրավունքի պաշտպանությանը, հայ մարդը եղել է բերդում, պադվալում, Ջավախք լինի, թե Արեւմտյան Հայաստան՝ Զարուհի Փոստանջյանը նրանց կողքին է եղել»: Պատգամավորը, հետեւելով իր առաջնորդի օրինակին, եւս ելույթ ունեցավ առանց անձրեւանոցի: Կանգնելով Թատերական հրապարակում՝ նա հիշեց, թե ինչպես էին անցած տարի այդ նույն հրապարակում Գյումրու սառնամանիքին բողոքի ակցիա անցկացնում վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների շահերը պաշտպանելու համար: Տիկին Փոստանջյանը նախազգուշացրեց, որ իրենք չեն հանդուրժելու ընտրակեղծիքները, Հայաստանի նոր իշխանությունը ձեւավորելու են օրենքի սահմանված կարգով, եւ նոր Հայաստանի նոր կառավարությունը կազմվելու է իրենց նոր թիմով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն էլ, տեսնելով իրենց ելույթը լսելու համար հավաքված սակավաթիվ գյումրեցիներին, նեղվեց, թե Գյումրին իրեն հայրաքաղաքի պես չի պահում: «Հայրաքաղաք միայն անեկդոտներով չէ, դաս տվեք մայրաքաղաքին, ասեք՝ ոնց է պետք անել, 20 տարի առաջ Երեւանում միակ անկախ հեռուստաընկերությունը արգելվեց, Գյումրին էր մնացել ազատ խոսքի վերջին բաստիոնը, այստեղ է հեռարձակվում ԳԱԼԱ-ն, եւ մենք Երեւանից գալիս էինք ազատ խոսք ասելու: Դուք ձեզ հայրաքաղաքավարի էիք պահում, հնարավորություն էիք տալիս մեր խոսքը հասցնել, հիմա ի՞նչ է կատարվում, ինչի՞ց եք վախենում: Ստրկացնում են մեզ, կաշառք են տալիս, բարեգործություն են անում, հետո էլ ասում են՝ եկեք միացեք, կոալիցիոն պայմանագիր ստեղծենք՝ ազատ, անկախ ընտրություն անցկացնելու համար: Աչք փակեք, որ գող ենք, խաբենք ձեզ, 5 տարի ստրկացնենք, է՞դ եք ուզում, ոտքի կանգնեք, 22 տարի է՝ Գյումրու նման քաղաքը աղետի գոտի է կոչվում, ամոթ է մեզ, սա՞ է մեր երազած հայրենիքը»,- հարցրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Գյումրեցի ընտրազանգվածին վերջին խոսքը փոխանցեց Լենինգրադում Հայաստանի նախկին հյուպատոս, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով ըստ էության պատասխանեց սեփական կուսակցության հասցեին հնչած այն քննադատություններին, թե «Ժառանգությունը» իշխանության հետ գործարքի մեջ է: Նա այս կապակցությամբ խստորեն քննադատեց թե ՀԱԿ-ին եւ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որոնք, նրա ձեւակերպմամբ, ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնելու համար այնքան բարոյազուրկ են դարձել, որ լուտանքներ են հնչեցնում իրենց կուսակցության հասցեին: «Ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են սխալվել, մարդիկ, որոնք իշխանության մեջ են եղել, հասկացել են, որ ինչ-որ բան սխալ է, փորձեն դուրս գալ՝ իրենց հանելու արդարության դաշտ: Բայց դավադրություն է կատարվում, մարդ իր ոտով իշխանության մեջ է եւ շարունակում է էս պետության հերը անիծել, իշխանության հետ ընդունել օրենք, որը վաղը կարող է ողբերգություն բերել էս պետությանը»: Ըստ պարոն Հակոբյանի՝ նրանք շատ վտանգավոր են, քանի որ կաշառելով՝ երկիրը հասցրել են այս վիճակին ու դեռ փորձում են դերակատար լինել ընդդիմադիր դաշտում: Պարոն Հակոբյանը նրանց առաջնորդին նախազգուշացրեց իր չափը ճանաչել, բարոյական լինել, չխաբել ժողովրդին՝ ընդդիմադիր անվան տակ ընտրակաշաք չբաժանել: Ռուբեն Հակոբյանը քննադատեց նաեւ այն քաղաքական ուժին, որը առաջնորդող էր գրում՝ «Ոչ դոդացմանը» թեմայով, բայց այսօր ասում է՝ «այո դոդացմանը»: «Դե տեսեք, թե ի՞նչ են նրանք հետապնդում, ինչի՞ են ուզում ձեզ խաբել, գողանալ ժողովրդի ընդդիմադիր տրամադրությունը: Նրանք ցույց են տալիս, թե իբրեւ ընդդիմություն են եւ ձեւացնում են, թե իշխանափոխություն են ուզում, բայց նրանք հանցագործների մի տեսակ են»,- ասաց բանախոսը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30