Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքում

Ապրիլ 21,2012 12:40

Սիրելի ժողովուրդ,

Ապրիլի 3–ին Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ընդունել են Համատեղ հայտարարություն, որում ընդգծվում է «ԼՂ հակամարտության ամենաարագ կարգավորման կարեւորությունը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ապահովման հիման վրա…»

Պարզ խոսքերով ասած, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այսինքն, այս փաստաթղթով, միջնորդներից մեկը կանխորոշել է հակամարտության կարգավորումը:

Նման խայտառակ փաստաթղթի ընդունումից հետո դուք տեսե՞լ եք որեւէ արձագանք ՀՀ ԱԳՆ-ից: Լավ, ինչպե՞ս կարելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նման անընդունելի զարգացումը թողնել անպատասխան:

Մեր ժողովրդի գլխին բերած հարյուրավոր աղետներից բացի, այս իշխանությունները նաեւ Ղարաբաղյան բանակցային գործընթացը այնպիսի անմխիթար վիճակի են հասցրել, որ նույնիսկ արձագանքելու ունակությո՛ւնն են կորցրել:

Հայաստանից բացի անհասկանալի է նաեւ Ղարաբաղի իշխանությունների քար լռությունը: Այնպիսի տպավություն է, կարծես դա իրենց  չի վերաբերում: Չէ՞ որ հենց Ղարաբաղի ճակատագրին են անդրադառնում բարեկամական Ռուսաստանը եւ հակառակորդ Ադրբեջանը՝ ասելով, որ կոնֆլիկտի լուծումը Ադրբեջանի սահմանների մե՛ջ են տեսնում: Չե՞ն հասկանում, որ Ադրբեջանը կօգտվի այս իրավիճակից՝ դառնալով ավելի ագրեսիվ:

Ո՞րն է նման զարգացումների վտանգը: Նման փաստաթղթի ի հայտ գալը ուղիղ ճանապարհ է բացում Ադրբեջանի համար՝ նույն ձեւակերպումներով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում բանաձեւ ներկայացնելու համար: Եթե նախկինում կար վստահություն, որ միջնորդներից առնվազն Ռուսաստանը վետո կդնի նման վտանգավոր զարգացման վրա, ապա Բաքվի փաստաթուղթը վկայում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կտրուկ փոխվել է եւ այսօր արդեն հավասարակշռված չէ:

Այսինքն, Ս. Սարգսյանը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին բարձրագոչ խոսքեր ասելով՝ դրանք իջեցրեց աննախադեպ ցածր մակարդակի՝ այսօր Մոսկվան չունի նախկին վստահությունը Հայաստանի նկատմամբ:

Ադրբեջանն էլ տեսնելով ինչպիսի ապիկար եւ հանցագործ ռեժիմ է հաստատվել Հայաստանում, որի օրոք ամրապնդվում են պաշտոնական Բաքվի դիրքերը, շունչը բռնած սպասում է մեր ընտրություների ավարտին՝ երազելով Ս. Սարգսյանի հաղթանակը: Իսկապես՝ Ադրբեջանին ավելի մեծ նվեր ո՞վ կարող էր բերել, եթե ոչ Սերժ Սարգսյանը:

Դեռ Բաքվի հռչակագրի թանաքը չչորացած` նոր  մտահոգիչ լուր եկավ Բրյուսելից. Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որը խայտառակ պահանջներ  է պարունակում Հայաստանի համար:

Այսպես, պահանջելով վերադարձնել օկուպացված տարածքները Ադրբեջանի հսկողության տակ, առաջին անգամ կոչ է արվում Հայաստանին՝ չուղարկել Ղարաբաղ ժամկետային զինծառայողներ: Այլ լեզվով ասած, Եվրոպան ճանաչում է, որ Ղարաբաղում գտնվում են ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի զինվորները: Այս հաստատումից հետո մեկ քայլ է մնում, որ մեզ հայտարարեն զավթիչ:

Աննախադեպ է նաեւ, որ Եվրոպան անհրաժեշտ է համարում հետաքննել Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ ավելացնելու օկուպացված (իրենց  ձեւակերպումն է) տարածքներում հայկական բնակչությունը: Փաստաթուղթը պարունակում է մի շարք վտանգավոր այլ ձեւակերպումներ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Այս երկու փաստաթղթերը ռեժիմի հերթական հանցավոր ձախողումներն են: Դադարեցնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ավելի թշնամացնելով Թուրքիային  Հայաստանի նկատմամբ, սերժական վարչակարգը նոր տառապանքներ է բերում Հայաստանին ու Ղարաբաղին:

Ուստի, այսօրվա միակ հրամակայանը պետք է լինի օր առաջ ազատվել այս բռնակալներից:

Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին:

2-ՐԴ ԸՆՏՐԱՏԱԾՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30