2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 70-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Նարենգյուլ Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի՝ Լեւոն Գեւորգյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ Հարությունյանը չորս տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, որը նրա կնոջ խոսքերով՝ առաջացել է տան խոնավությունից: Ռազմիկն ու Նարենգյուլը ամուսնացել են 50 տարի առաջ: Ադրբեջանի Ղազախ քաղաքում Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, կինն էլ կոնֆետի գործարանում արտադրամասի վարպետ էր աշխատում: 1976թ. ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր՝ Ոսկեպար: Մինչ տեղափոխումը նրանք Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել:
-Երազում էինք հայրենիքում տուն սարքել, սակայն այն սողանքի տակ է,-ասում է տիկին Նարենգյուլը:
Նրա տան առաջին հարկը ամբողջությամբ հեղեղվել է ջրով, եղած ողջ սննդամթերքը փչացել է: Պատից պոկվել-ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: Շուրջ մեկ տարվա ընթացքում շարունակվող սողանքի, խոնավության պատճառով շարքից դուրս են եկել տան հեռուստացույցը, փոշեծծիչը, երեք ձեռագործ գորգերը, հայելով պահարանը, կարի մեքենան, հացի վառարանը ներքնակներն ու վերմակները:
Կարդացեք նաև
71-ամյա կինը երկրորդ խմբի հաշմանդամ է, նաեւ տեսողության մեծ խնդիրներ ունի. ձախ աչքը երկու անգամ վիրահատվել է:
Նարենգյուլ Հարությունյանը տան խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան, գյուղապետարանն էլ իր հերթին` Տավուշի մարզպետարան եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Երկու տեղից էլ եկել են, ուսումնասիրել: Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, որոշվել է հարցը ներկայացնել կառավարություն:
2011 թ. հուլիսի 5-ին 70-ամյա, 2-րդ խմբի հաշմանադամ կինը իր տան վիճակը ներկայացրեց Ոսկեպար այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս եղավ սողանքի վայրում, ծանոթացավ Ն. Հարությունյանի տան վատթար վիճակին: Տավուշի մարզպետը խոստացավ աջակցել; Անցած մեկ տարում մարզպետարանի միջոցով պետբյուջեից Ն. Հարությունյանին 200 հազար դրամ օգնություն է տրվել: Տավուշի մարզպետարանի աշխատակիցներից մեկը կնոջը սփոփել է, թե նա այդ գումարով փչացած հեռուստացույցի փոխարեն նորը կարող է գնել: Իսկ սողանքը չի սպասում:
Նշենք, որ վերջերս պետբյուջեից ադրբեջանական հրետակոծությունից տուժած Ոսկեպարի տների նորոգման համար գումարներ են տրվել, սակայն Ն. Հարությունյանի տան համար՝ ոչ:
Միայնակ ապրող հաշմանդամ կնոջ խոսքերը օգնության ճիչ են հիշեցնում.
-Սողանքն օրեցօր մեծանում է, արդեն փլվում է նաեւ տանս ներքեւի մասը: Վախենում եմ տուն մտել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ