Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ

Ապրիլ 21,2012 11:32

Մի անհասկանալի խառնաշփոթ է նախընտրական խաղի մեջ մտած քաղաքական ուժերի շուրջը եւ մերձ: Մարդ բան չի հասկանում` ով ում դաշնակիցն է, ով` ում մրցակիցը, ով` ում հակառակորդը: Հակառակորդը բարեկամ է դարձել ու նույնիսկ կոալիցիոն բարեկամները հիմա քիչ է մնում դառնան հակառակորդներ: Ու այս խառնաշփոթի բնույթը ոչ գաղափարական է, ոչ ծրագրային, ոչ քաղաքագիտական ու ոչ էլ որեւէ տրամաբանություն ունի, որովհետեւ մի ինչ-որ գաղափարի շուրջը գործակցությունը (ասենք` ընտրությունների վերահսկման) միշտ էլ կարող է գալ-հանգել մի այլ գաղափարի շուրջը հակամարտությանը: Ու էս տուրեւառումներն իսկապես քարոզարշավի կես ընկնելու հետ այնպես են շփոթեցնում ընտրողին, որը չի կարողանում այս ողջ խառնաշփոթի մեջ համակարգ նկատել, մի ամուր բանի ձեռք գցել, որից կարելի է կախվել եւ չխեղդվել: Վրան էլ օրը մեկը մի հարցում է շխկացնում, ու դու, ընտրող, եթե քարից ես, դիմացիր: Մի կողմից «Գելափն» է 34 տոկոս տալիս ՀՀԿ-ին, 28 տոկոս` ԲՀԿ-ին, եւս չորս ուժի էլ խորհրդարան անցնելու անցաթուղթ է տալիս, մի ուրիշ, բարգավաճամետ հարցմամբ ԲՀԿ-ն մի տոկոս պակաս-մի տոկոս ավել է ՀՀԿ-ից, եւս ուրիշ` «Շանթի» պատվերով հարցման մեջ էլ ԲՀԿ-ն մի 3-4 տոկոս էր հետ ՀՀԿ-ից: Թվեր են, որ շխկում են գլխներիս:

ՀՅԴ-ն «Կոնսենսուս մինուս մեկ» է ասում, բայց ՀՀԿ ղեկավարը Ավշարում կոչ է անում քվեարկել նրա՛նց թեկնածուի օգտին, ԲՀԿ-ն 4-ի ձեւաչափում է, դեռ Օսկանյանով էլ նախագահական ընտրություններին է առաջ նայում, ԲՀԿ առաջնորդն ասում է` 12 թվից բացի 13 թիվ կա (նախագահական ընտրությունների՛), բայց մեկ է, ՀՀԿ ղեկավարը Շենգավիթում ԲՀԿ-ական թեկնածուի օգտին է քարոզում: Շփոթված ընտրողն ի՞նչ անի, հո կրակը չի՞ ընկել մեր քաղաք-ականների ձեռքը, ո՞նց նայի նկարը ու որ կողմից շուռ տա, որ բան հասկանա` ոտքերի՞, գլխի՞, թե՞ կողերի, թե՞ ընդհանրապես պատռի ու գետին թափի:

Չէ, իսկապես, ընտրություններից առաջ ՀԱԿ-ի` հանրահավաք անցկացնելու իրազեկման վերաբերյալ պահանջը հասկանալի է, սակայն մայիսի 6-ի ընտրություններից հետոյի վրա-վրա, մինչեւ մայիսի 20-ը հանրահավաքների իրազեկումը փաստորեն բացահայտ ցույց է տալիս այս ուժի նպատակը` կեղծված անվանել ընտրությունները եւ փորձել սրել իրավիճակը: Ու հարցն այն է, թե էլ ո՞վ է տեղյակ այդ հեռահար նպատակից, եւ ի՞նչ ստվերային պայմանավորվածություններ կարող են լինել:

Դե իսկ որ առայժմ ընդհանուր առմամբ ներսում ու դրսում քարոզարշավը բնականոն եւ առանց մեծ էքսցեսների է, դա էլ է երեւութական, որովհետեւ բազմաթիվ հակասությունների սուր ծայրերն այս օրերին ծակում են քաղաքական «մեշոկն» ու ցցվում դուրս` անհաճո փայլով:

Ամենատեսանելին այն է, որ պայքարն այս պահին ընդդիմադիր էլեկտորատի համար է: Եթե բոլոր հարցումների առաջին երկու տեղերի տարբերությունն ամենաշատը 8-10 տոկոս է, այդքան քիչ տոկոսը լրացնելու հնարավորությունը մեկից-մեկ կարելի է ստեղծել, ու ՀՀԿ-ի ունեցած վարչական ռեսուրսին հավասար կարող է աշխատել ընդդիմադիր զանգվածին իրենով անելու ֆակտորը:

Ըստ որոշ փորձագետների` հիմա պայքար է գնում երկու ուղղությամբ` առաջինն այն է, որ բացի մեկից, բոլորը պայքարում են ընդդիմադիր էլեկտորատի համար եւ այդ էլեկտորատին հավակնող մյուսների հաշվին իրենց ներկայությունն ապագա խորհրդարանում մեծացնելու: Երկրորդ ուղղությունն այն է, որ քանի ԲՀԿ-ն ընդդիմադիր խաղեր է տալիս, ապագա խորհրդարանում իշխանական կոալիցիայի հարաբերականորեն ազատ` երրորդ տեղի համար պայքար կա հիմա:

Հետաքրքրական է, որ փորձագետներից ոմանք անգամ քննարկում են ՀՀԿ-ի մեծամասնություն չկազմելու տարբերակով սցենարը, իհարկե չբացառելով նրա զգալի ձայները. ԲՀԿ-ն կրնկակոխ գնալու է ՀՀԿ-ի հետեւից, շնչելու է նրա թիկունքին, ու նայած ֆինիշին ի՞նչ քանակի ընդդիմադիր ձայներ կտանի եւ ո՞ւմից` էդ վերջին պահին էլ ամեն ինչ կորոշվի:

Ներկուսակցական լղոզվածությունները նույնպես ցցվում են ու բացատրվում այս պահի նյարդախաղով. ասենքՙ այս կամ այն կուսակցության մեջ տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում` «Ժառանգության» Ռուբիկ Հակոբյանը ասում է` մինչեւ առաջին դեմքերը փաստաթուղթ չստորագրեն` «Ժառանգությունը»` փաս, 4-ի ձեւաչափին չի մասնակցի, «Ժառանգությունն» իր փոխնախագահի գլխից թռնելով հայտարարում է` «Վերահաստատում ենք», շտաբի գործունեությանը մասնակցելու ենք: Օսկանյանն ասում էՙ զենք է, Ծառուկյանն ասում է` «Վերտու» է, միամի՞տ է, թե՞ ինչ որ խնդիր, այնուամենայնիվ, միմյանց դեմ ուղղված կա: ՀՀՇ-ական Արամ Մանուկյանն ի՞նչ գիտի` Քոչարյանը ԲՀԿ-ի հետ կապ ունի-չունի: Ունի-չունի` ինչ կապ ունի, դրանից փոխվո՞ւմ է այն, որ դասական իմաստով ՀՀՇ-ն վերջին տարիներին ընդդիմություն էր, ԲՀԿ-ն` իշխանություն: Ե՞րբ լղոզվեց սահմանը, կամ քաղաքակագիտական ո՞ր ձեւակերպման տակ է այս ունի-չունին: Կապ չգիտեմ ունի-չունի, բայց ընտրող չունի ՀԱԿ-ը, չնայած էդ չունենալու համեմատ առաջին հեռուստալրատվականը մի էն տեսակի է կարեւորում ՀԱԿ-ին, որ մարդ էլ կկարծի, թե էս ուժը մի հարյուրհազարանոց հանրահավաք է հավաքում: Իսկ հավաքում է մի երկու հազար մարդ հազիվ, էն էլ ամեն «ղայդին ֆեյսբուքահայ» մի էդքան բարեկամ ունի, ու որ կանչի հանրահավաք` կգան: Կոնգրեսի գնացքը գնացել է, Տեր-Պետրոսյանի եւ Ծառուկյանի գաղտնի պայմանավորվածություններից խաբար չենք, բայց մեկին շատ պետք է այս ուժին կարեւորել` մյուսի ուժի ջգրու, ու հավանաբար` ՀԱԿ-ին կարեւորելու իմաստն այն է, որ այս ուժը մի կերպ թույլ չտա ԲՀԿ-ն ընդդիմադիր ձայների առյուծի բաժինը տանի, սա պարզ է բոլորին:

Ջղաձգումները մատնում են ներքին պրկումները. Շարմազանովն Օսկանյանին անվանում է «մյունհաուզենյան արկածախնդիր եւ ստախոս», ակնարկելով, թե «երբեմն ավելի շահեկան է լռել, քան խոսել», Տեր-Պետրոսյանն է առաջարկում միասնական շտաբին թեւերը քշտել եւ գործի անցնել, որ մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը չլինի նախագահ (նախագահական ընտրություններ չեն, այ մարդ, եւ բոլոր դեպքերում ինքն այլեւս երբեք նախագահ չի լինի), դաշնակցականները մոռացել են 1994 թվականի դեկտեմբերի 28-ի երեկոն ու այն, որ իրենց ձայները միշտ, բոլոր ընտրություններին եւ բոլոր իշխանությունները նվիրում են աջուձախ, ու իրավ, իրավ անհասկանալի է այդ միասնական շտաբը, որտեղ ոչ մեկը մյուսին իրականում չի վստահում դույզն-ինչ: Վկան մեր մոտիկ անցյալն է, ու ինչ երաշխիք, որ եթե ՀՀԿ-ն նվազ ձայներ հավաքի, այդ ուժերն իրար չեն սպանի: Հիմա ո՞վ է բլեֆ անում, ո՞վ է ում խաբում` թող իրար մեջ վճռեն: Իրար մեջ բան են պայմանավորվել` ասեն` իմանանք, չնայած ընտրողի հետ պայմանավորվելը միայն ընտրություններով պետք է լինի, ու բոլոր տեսակի ընդհատակյա պայմանավորվածությունների «ջառմեն» քաշում է ժողովուրդը, մարտի 1-ը վկա: Իրենց թվում է` իրար դիմակ են պատռում, իրականում հասարակությանն են հիասթափեցնում` Ստյոպա Սաֆարյանը 4-ի ձեւաչափը Քոչարյանի նախընտրական շտաբ է անվանում եւ լրատվական դաշտի ծայր բեւեռների ներկա մերձեցումները մատնանշում: ԲՀԿ-ականներն ու ուրիշները «Ժառանգությանը» ՀՀԿ-ի ական են անվանում, Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը, թե «Ժառանգությունը» չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ձեւավորմանը` թելադրված վարքագիծ: «ժառանգության» մամուլի խոսնակը, Հովսեփ Խուրշուդյանը, փաստորեն ավելի է արտահայտում «Ժառանգության» տեսակետը, քան նրա փոխնախագահն ու մինչեւ այժմ խորհրդարանական խմբակցության ղեկավարը` խոսնակը նշել էր, թե Ս. Սաֆարյանինը անձնական տեսակետ է, իսկ կուսակցության դիրքորոշումը հայտարարություններով է արվում, կամ Րաֆֆի Հովհաննիսյանն է արտահայտում: Չնայած անձնական` անձնական, բայց այնքան էլ վերջին կարծիք չէ` ըստ ազատդեմոկրատական Ալեքսանդր Արզումանյանի: Մյուս կողմից էլ` ընտրություններին 10 օր մնաց` դեռ միասնական շտաբ են ձեւավորում, շտաբի տարածքն էլ կարծես խլում է` ըստ քաղաքագետների միության Հմայակ Հովհաննիսյանի, ինչ-որ «Հայհիդրոնախագիծ»-ի բաժնետեր Սենիկ Ջուլհակյանը, որի թիկունքում էլ Սյունիքի մարզպետն է:

Էհ, մի տեսակ լուրջ չէ այս ամենը, մանավանդ էդ շտաբի նիստերը մինչեւ հիմա Հմայակի մենախոսությունների էին վերածվում:

Մեզ մնաց ընտրողի շփոթված, «Գելափի» ասած`«58 տոկոսը չի հավատում ազատ-արդար-թափանցիկին» վիճակը` ընտրություններից 15 օր առաջ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30