Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Քաղաքական դաշտի ամրացումը ամենակարեւոր խնդիրն է»

Ապրիլ 21,2012 11:29

Քարոզարշավի ընթացքն ինչպե՞ս եք գնահատում. ձեր մրցակիցների որդեգրած քարոզչական մարտավարությունը համապատասխանո՞ւմ է կոռեկտ մրցակցության վերաբերյալ ձեր պատկերացումներին։
-Ընդհանուր առմամբ նախընտրական զարգացումները շատ ակտիվ են եւ համաչափ։ Կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ, յուրաքանչյուրը կարողանում է ներկայացնել իր ասելիքը, հնարավորություններ գտնել՝ մինչեւ վերջ իրացվելու հասարակության մեջ։
Առավել եւս, ստեղծվել են քաղաքական նախաձեռնություններ հնարավորինս վերահսկելի դարձնելու ընտրական գործընթացը։ Իհարկե, մասամբ դրանք իմիտացիոն բնույթ ունեն, բայց ԱԺ-ում ձեւավորված աշխատանքային հանձնախումբը, որին մասնակցում են հիմնական քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչները, դրական դերակատարություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու առումով։
-Այսօրվա դրությամբ քանի՞ կուսակցություն է պաշտոնապես հայտարարել Դավիթ Հարությունյանի կողմից մշակված փաստաթղթին միանալու մասին։
-Այս պահին չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ բանակցությունները դեռ շարունակվում են։ Կարեւորն այն է, որ այդ ձեւաչափը թույլ է տալիս կոնկրետ, գործնական աշխատանք կատարել՝ կապված ե՛ւ ընտրացուցակների ճշգրտման, ե՛ւ հանձնաժողովների վերահսկողության մեխանիզմների, ե՛ւ Ընտրական օրենսգրքի տարաբնույթ խախտումների հետ, բացահայտել եւ վերացնել կամ առնվազն մեղմել այդ խախտումները։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի գործելաոճին, ցանկացած պարագայում ՀՀԿ-ն կարողանում է պահպանել հավասարակշռությունը։ Դրան նպաստում է նաեւ այն, որ շատ դեպքերում չենք արձագանքում մեր նկատմամբ ամբիցիոզ վերաբերմունքին, թափ առած, արդեն մոլեգնող քարոզարշավի ոչ համարժեք դրսեւորումներին, անհիմն հայտարարություններին, թե՝ ընտրեք մեզ, ու մի ամիս հետո բուժսպասարկումը, կրթությունը կդարձնենք անվճար, կկրկնապատկենք թոշակները եւ աշխատավարձերը, կվերադարձնենք ավանդները եւ նման բաներ։
Քաղաքական ուժերի մեծ մասը այս ճանապարհով է գնում՝ մտածում են, որ եթե եկան, խորհրդարանում մեծամասնություն կազմեցին, միանգամից 30 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորում են գտնելու, որ կարողանան լուծել այդ հարցերը։
-Միասնական շտաբի ձեւաչափից դուրս գալու «Ժառանգության» որոշումը ոմանց կողմից գնահատվեց որպես ՀՀԿ-«Ժառանգություն» ստվերային համագործակցության արդյունք՝ «Ժառանգությանը» ի վերուստ իջեցված «պետպատվեր»։ Կա՞ այդպիսի բան։
-Ընդհանրապես ցանկացած համագործակցություն միայն կարելի է ողջունել։ Բայց ստվերային, հատկապես ընտրական գործընթացներում որեւէ գաղտնի, թաքուն համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք որեւէ առնչություն չունենք «Ժառանգության» որոշման հետ. եթե համագործակցում ենք, հրապարակավ հայտարարում ենք՝ ում հետ ենք համագործակցում, ինչի շուրջ, եւ բաց կերպով քննարկում ենք բոլոր խնդիրները, ինչպես այսօր էլ անում ենք։
-ՀՀԿ-ԲՀԿ քրոնիկ դարձող փոխհրաձգությունները, ձեր կարծիքով, չե՞ն հակասում կոալիցիոն հուշագրի ոգուն, չե՞ն խանգարի հետագա համագործակցությանը Ազգային ժողովում։
-Մենք ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում շարունակում ենք աշխատել, պարզապես, քանի որ ցուցակի երկրորդ համարը՝ Վարդան Օսկանյանը, առանձնացված, առանձնացած մոտիվացիաներով է հանդես գալիս, հանրության մեջ ստեղծվում է տպավորություն, թե լուրջ տարաձայնություններ, բախումներ կան ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ։ Ես այդպես չեմ ընկալում։
Խնդիրն այն է, որ Օսկանյանը որոշակի իմիտացիոն մոտեցումներ է դրսեւորում, ըստ էության, կրկնում է ՀԱԿ-ի ղեկավարի «սկզբունքային դիրքորոշումը» ավելի քաղաքակիրթ ձեւով։ Կարծում եմ, դա պետք է համարել ոչ թե ԲՀԿ-ի, այլ Օսկանյանի ինքնուրույն ծրագիրը։ 5 տարի շարունակ կոալիցիան աշխատել է, արձանագրել է բավական լուրջ արդյունքներ, որոնցից օգտվում են բոլոր կոալիցիոն ուժերը, շատ ճոխ ձեւով օգտագործում են, եւ նմանատիպ հայտարարությունները, թե կոալիցիան, ըստ էության, չի եղել կամ ձեւական բնույթ է ունեցել, ավելի շատ վարկաբեկում են ԲՀԿ-ին, քան կոալիցիային։
-Ի՞նչ ակնկալիք ունեք մայիսի 6-ի ընտրություններից, ըստ ձեզ, քանի՞ քաղաքական ուժ ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում։
-Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց իմ համոզումն է, որ Հանրապետականը ԱԺ-ում կունենա 67 եւ ավելի պատգամավոր։ Մյուս քաղաքական ուժերը պետք է պայքարեն, որ խորհրդարանը հնարավորինս ներկայացուցչական լինի։
Մեր ցանկությունն է, որ ունենանք ամուր քաղաքական դաշտ։ Դրա համար լավ կլինի, որ խորհրդարանում ձեւավորվի 2-3 ընդդիմադիր խմբակցություն, դա ավելի համապարփակ կդարձնի Ազգային ժողովը։
Կարծում եմ, նաեւ արդեն տեսանելի է, որ հիմնական քաղաքական գործիչները կլինեն օրենսդիր մարմնում։ Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, թե ՀՀԿ-ն քանի տեղ կունենա խորհրդարանում, այլ որ չմտածենք՝ ինչպես ամրացնել քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտի ամրացումը ամենաբարդ եւ ամենակարեւոր խնդիրն է, որ այսօր կանգնած է մեր երկրի եւ հասարակության առջեւ։
Էլի մի խնդիր կա, որի մասին ուզում եմ խոսել։ Քաղաքական ուժերը այնքան են մտել նախընտրական ազարտի մեջ, որ արդեն մոռացել են Ղարաբաղը։ Ամբողջ քարոզարշավը նվիրված է հիմնականում սոցիալական բլոկին, եւ Ղարաբաղի հարցը մի տեսակ հայտնվել է երկրորդական պլանում։

Լիլիթ Պողոսյան

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30