Ամենակարեւոր մարդիկ այս ժամանակահատվածում, անշուշտ, քարոզիչներն են։ Հենց նրանց աշխատանքից է կախված այս կամ այն քաղաքական ուժի հաջողությունը խորհրդարանական ընտրություններում։ Իսկ քարոզչի հաջողությունը մեծապես կախված է նրա ոտքերի արագությունից ու դիմացկունությունից։ Եվ արժե՞ զարմանալ, որ այսօր հենց քարոզչի ոտքերը հայտնվեցին մեր ուշադրության կենտրոնում։
Մարդու յուրաքանչյուր օրգանի համար միշտ կգտնվի հոգեհարազատ գործ, դրանք բոլորը ձգտում են ինչ-որ օգուտ տալ։ Թեկուզեւ կասկածելի, բայց հաճույք պատճառել իրենց տիրոջը։
Ձեռքը քորում է, աչքը՝ շլվում, քիթը՝ կնճռոտվում, ստամոքսը՝ ջանում մարսել կերած բրդուճը, արյունը շտապում է հասնել սրտին՝ լյարդից բերած լավ լուրով, իսկ առաջնային սեռական հատկանիշն ընդառաջ է շտապում երկրորդականներին։
Եվ միայն մի օրգան երբեք չի օգնում մարդուն։ Երբեք չի պատկանում նրան ամբողջությամբ, քանզի ծառայում է ոչ թե նրան, այլ ընտրական համակարգին։ Այո, բարեկամներս, անծայրածիր օրգանիզմի միայն մի տարր է եռանդագին ծառայում ոչ թե տիրոջը, այլ քորոզարշավին՝ վերածելով անհատին կուսակցական քարոզչի։ Այդ օրգանը ոտքերն են։
Ճիշտ այն պահից, երբ մարդուն ոտքի են կանգնեցնում եւ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի տնկել ոտքերը, դրանք իրականացնում են առաջընթաց շարժում՝ դեպի երկրի բարգավաճման լուսավոր հեռանկարներ, նրա լավագույն որդիների, ինչպես նաեւ դուստրերի հույսերի իրականացում։
Ոտքերը պետության թեւերն են։ Եվ ինչպես թռչնին՝ թռիչքով, սիրասուն երկրին միշտ կարելի է ճանաչել նրա քայլքով։ Եթե հայրենիքում գերակշռում է, օրինակ, առույգ, պարող ոտքը, ապա կյանքն էլ ուրեմն հաջողվել է։ Նշանակում է՝ ամեն անկյունում ադիբուդի է վաճառվում, իշխում է վանկաշեշտային տաղաչափությունը, աշխատավորներին գիշերները չեն ուտում փայտոջիլները։
Դե, իսկ եթե ոտքերը կիսածալված են, ծուռ, հազիվ են քարշ գալիս, նշանակում է՝ չի հերիքում երկրին արդարության ձկնայուղը։ Ուրեմն տառապում է նա ռախիտով ու մտավոր կաղությամբ։
Այս օրերին երկրի ճակատագիրը փաստորեն կախված է քարոզչի ոտքերից։ Կկարողանա՞ն դրանք վազքով անցնել երկրով մեկ ու մտնել յուրաքանչյուր ընտրողի տուն։ Կենսասիրության կոշտուկը ցավ է պատճառում, բայց նա քայլում է, քարոզչի ոտքը, եւ բազմաթիվ կիլոմետրեր հեռվից լսվում է, թե հատկապես ինչ ճանապարհով է քայլում, ով է գնում նրա հետ համաքայլ։
Շարժուն, աշխատավոր ոտքը վաղ առավոտյան տանում է քարոզչին ընտրազանգվածի մոտ, իսկ երեկոյան հետ բերում շտաբ։ Այդպիսի ոտքը մշտապես շտապում է, խճճվում, տրորում այլ ոտքեր, բայց ի վերջո հենց նա է ապահովում ընտրություններում հաջողությունը։
Քարոզչի աշխատավոր եւ, անշուշտ, բազմաթիվ առումներով աջ ոտքերի կողքին հաճախ հանդիպում են քարոզարշավի ընթացքում նաեւ ձախեր։ Այդպիսիք անում են ամեն ինչ անփութորեն, եւ եթե տեսնում եք, որ շատ բան այս կամ այն շտաբում արվում է ձախ ոտքով, ապա մի՛ կասկածեք. այդ կուսակցությունը չի մտնի խորհրդարան։
Ինչ վերաբերում է մեծամասնականով առաջադրված թեկնածուների քարոզիչների ոտքերին, ապա նրանք, որպես կանոն, ապրում են սարերում կամ անտառում, մարդկանցից հեռու, իսկ թե հատկապես ինչով են այնտեղ զբաղված, բոլորովին անհայտ է։ Միգուցե հսկում են նապաստակի, բադի եւ ձվի մեջ թաքցված ինչ-որ գաղտնիք։ Իսկ գուցեեւ պարզապես մարդակերությամբ զբաղվում, անձնատուր լինում արատին եւ կողքից անցնող կուսակցական քարոզչական խմբերի քարավաններն են թալանում։
Իսկ վերջում՝ քարոզչի ոտքերի եւս մեկ զարմանալի հատկության մասին։ Դրանք, եթե չեք նկատել, հոտ են արձակում։ Աստված գիտե, թե ինչու։ Եվ բացարձակապես անհասկանալի է, թե հատկապես ինչից է բաղկացած այդ վշտալի հոտը։
Գուցե մռայլ մտքերից, սին հույսերից, կանխազգացումից, որ ընտրությունները չեն անցնի ազատ ու արդար։ Դժվար է ասել։ Բայց փոխարենը՝ քարոզչի ոտքերը միշտ կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել։
Պարզապես հոտոտեք դրանք՝ հետաքրքրասիրությունից դրդված, ու անմիջապես կհասկանաք. չկա՛ ոտքերի մեջ ճշմարտություն։
Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայոց աշխարհ»