Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Հայաստանի համար խաղաղության գինը ազատ ու արդար ընտրություններ անցկացնելն ու երկրում օրինականության հաստատումն է»

Ապրիլ 21,2012 10:49
Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի hանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանրապետության գործող նախագահն առաջին անգամ որպես նորություն երկրի առաջընթացի խոչընդոտ հայտարարեց կոռուպցիան եւ կաշառակերությունը: Հիշեցնեմ, որ անցած 20 տարիների ընթացքում գործող իշխանություններին կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ մեղադրել են այդ տարիներին փոխնիփոխ իշխանության մեջ եղած և իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող ուժեր:

Հիշո՞ւմ եք, հանրապետության նախագահը պետբյուջեից գողացող  մարդկանց տիպին որակեց «զզվելի», սակայն դրանից նրանց թիվը չկրճատվեց: Ո՞րն է պատճառը, որ այդ «զզվելիներին» ոչ միայն չեն ձերբակալում, պաշտոնից չեն ազատում, այլև շարունակում են նրանց պահել կոալիցիոն իշխանության մեջ ու ընտրությունների քարոզարշավն այսօր  ներկայացնում են  որպես բազմակարծության իմիտացիա: Միգուցե պատճառն այն է, որ  իշխող կոալիցիոն կուսակցությունների «զզվելի» անդամները, առանց բացառության, ընտրությունների ժամանակ  չխնայելով  հսկայական նյութական միջոցներ, բարեգործության անվան տակ բաժանելով ընտրակաշառք, օգտագործելով իրենց իշխանության բոլոր լծակները, վերարտադրում են գործող իշխանությունը եւ որպես պարգեւ ստանում երկիրը հերթական 5 տարին անպատիժ կերպով թալանելու իրավունք:

Մի օր լսում ենք Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների հաշվետվությունները, որտեղ տառացիորեն բոլոր ոլորտների վերաբերյալ արձանագրվել են միլիոններով անարդյունավետ ծախսեր պետական բյուջեից, յուրացումներ եւ տարբեր տեսակի չարաշահումներ, իսկ հաջորդ օրը` գործող նախագահի` կոռուպցիան ու կաշառակերությունը վերացնելու հանձնարարականի մասին: Ու ոչ մի հետեւանք տվյալ բնագավառները տապալող կոալիցիոն պաշտոնյաների համար (Կենսաթոշակային հիմնադրամ, Գիտության պետական կոմիտե, Սոցապ և Քաղաքաշինության նախարարություններ, մարզպետեր, գյուղապետեր եւ այլն): Մեզ մոտ կարծես օրենսդրությունը պատիժ չի սահմանել այդքան դժվարությամբ հավաքվող բյուջեն անարդյունավետ ծախսելու, պետբյուջեի միջոցները յուրացնելու, պետական ծրագրերը տապալելու, պետական վարկային միջոցները փոշիացնելու համար, որոնք մենք ժառանգելու ենք մեր թոռներին:

Նկատենք, թե քարոզարշավի ժամանակ հանրապետության նախագահն իր կոչով ում է սատարում. մարդկանց, որոնց մի մասի  կենսագրության մեջ անպակաս է քրեական տարրը, մյուս մասի  կենսագրությունն  էլ մեր 20-ամյա պետության մեջ քրեաօլիգարխիկ համակարգի կայացման տիպիկ պատմությունն է: Ահա մի փակ շղթա, որից մեր պետությանը դուրս գալ չի հաջողվում Երրորդ հանրապետության կայացման պահից  սկսած` երեք նախագահների իշխանությունների օրոք:

Տարիներ շարունակ իրար մեղադրելով նույն մեղքերի մեջ` իշխած եւ իշխող քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այսօրվա դաժան իրականության` սոցիալական ծանրագույն, անմարդկային պայմանների, Արցախի խնդրի եւ արտաքին քաղաքականության շարունակական ձախողումների, մենաշնորհային հրեշավոր տնտեսության համար պատասխան տալու փոխարեն համարձակվում են նայել ձեր աչքերին ու ակնկալել ձեր քվեն:

Թույլ մի´ տվեք: Մենք թշնամու հետ պատերազմը դեռ չավարտած երկրում ենք ապրում, եւ ազնիվ, անկաշառ ու հայրենասեր ուժերի իշխանության գալուց է կախված  արդեն ոչ թե լոկ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, այլեւ մեր երկրի ու յուրաքանչյուրիս, մեր երեխաների ու թոռների տարրական անվտանգությունը:

Այսպես շարունակել չի կարելի, սիրելի հայրենակիցներ: Մենք յուրաքանչյուրիս  քվեարկությամբ մոտակա ընտրություններին միասի´ն պետք է կոտրենք  երեք նախագահների հյուսած փակ շղթան:

Անահիտ Բախշյանի հայտարարությունը` «Խորհրդարանական ժամ» հաղորդման շրջանակներում

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30