ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը ճանաչվել է 2012 թվականի գրքի մայրաքաղաք: Տոնը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 23-ին: Սակայն տոնին ընդառաջ` մայրաքաղաքում այսօր արդեն հասցրեցի նկատել բավական գեղեցիկ մի իրադարձություն: Միջոցառումն իր հիմնական գծերով ֆլեշմոբ էր հիշեցնում: Հավաքված էին բավական մեծ թվով երիտասարդներ, ովքեր պարում էին դասական և տարբեր ժողովուրդների ազգային երաժշտությունների ներքո: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս պարերի և Երևանի` գրքի մայրաքաղաք հռչակվելու միջև էական կապ չկա, բայց ծրագրի ռեժիսոր Արամ Սուքիասյանի խոսքով, դրանք ուղղակիորեն կապված են միմյանց հետ: «Սա հարգանքի մի ձև էր` ուղղված այն պետությունների մայրաքաղաքներին, որոնք մինչ Երևանի` գրքի մայրաքաղաք հռչակվելը, իրենք արդեն իսկ արժանացել էին այդ կոչմանը»,- ասում է նա:
Այս նախաձեռնությանը մասնակցում են Պարարվեստի գործիչների միության սաները և այլ երիտասարդներ` տարբեր պարային խմբերից: Մասնակիցների խոսքով` Մաշտոցի պողոտայում այսօր պարում էր Երևանում գործող պարային համույթների մեծամասնությունը: Իսկ գաղափարի հեղինակներն են Դավիթ Մինասյանը, Նորայր Մեհրաբյանը, Արամ Սուքիասյանը և այլք:
Միջոցառումն ուներ հետաքրքրասեր հանդիսատեսի մի ստվար խումբ, ովքեր պատահաբար էին նկատել պարող երիտասարդներին: Ռեժիսորի խոսքով` նախապես նրանք չէին կարող տեղեկանալ այդ մասին, քանի որ ո’չ տեղի, ո’չ ժամանակի և ոչ էլ միջոցառման անցկացման մասին այլ մանրամասներ նախապես չեն հրապարակվել: «Հաջորդ անգամ ծրագիրը կիրականացվի ապրիլի 22-ին: Նախատեսում ենք լինել Խանջյան փողոցում, Արշակունյաց, Ազատության կամ Մաշտոցի պողոտաներում: Հնարավոր է նաև բոլոր 4 վայրերում: Ծրագրի բնույթից ելնելով` տեղն ու ժամը որոշվում է համպատրաստից»- ասում է Արամ Սուքիասյանը:
Լուսինե Մանուկյան