ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 18-ին Մարալիկում, իսկ այսօր Վայոց ձորի մարզում ընտրողների հետ հանդիպման էր մեկնել ոչ դատարկաձեռն: Ծառուկյանը մարալիկցիներին երեք նոր տրակտոր էր նվեր բերել, իսկ վայոցձորցիներին՝ ընդհանուր առմամբ տասը, այդ թվում՝ եղեգնաձորցիներին 6, ու Վայքի բնակիչների համար 4 տրակտոր:
Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե՝ արդյոք ՀՅԴ, ԲՀԿ եւ ՀԱԿ միասնական շտաբում, որն, ի վերջո, որոշակի խմբագրմամբ, բայց ընդունել է քարոզարշավի շրջանակներում բարեգործություն անելու անթույլատրելիության մասին դրույթը, հնարավո՞ր է, որ հարց բարձրացվի ու քննարկման առարկա դառնա ԲՀԿ-ի կողմից շարունակական նվիրատվությունների խնդիրը, եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց. «Իհարկե, հնարավոր է եւ, այո, կանդրադառնանք: Քաղաքական ուժերը պետք է բերեն դիտարկումներ, եւ շտաբի ու մեր խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ ընտրական նպատակներով կատարվող բարեգործությունը չպետք է թույլատրվի: Եթե դա բարեգործություն է՝ ընտրական նպատակներով, այո, պետք է քննարկման առարկա դառնա»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ