Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքին Գավառում պատրաստվել էին դեռ առավոտից՝ գեղեցիկ ծածկված բեմով, լուսային շքեղ էֆֆեկտներով, «դվիժոկով» եւ ազգային ոգեշունչ պաստառներով:
Դաշնակցականների հանրահավաքը մեկնարկեց երեկոյան 7-ին, բայց համերգի ու երաժշտության կարոտ քյավառցիներն ու հարակից գյուղերի բնակիչները համերգի լուր էին առել եւ համախմբվել:
Հանրահավաքի անդամների մեծ մասը նորատուսցիներ էին, ովքեր սատարում են պատգամավորական մանդատի համար պայքարող իրենց համագյուղացի Արտակ Նիկոյանին:
Քարոզարշավին հաջորդեց երկար սպասված համերգը, ինչի համար էլ հավաքվել էին հանրահավաքի մասնակիցների մեծ մասը:
Հրավառություն հիշեցնող շքեղ լույսերի տակ հոգսաշատ քյավառցիները վայելում էին ազգային ու հայրենասիրական երգերը, որի արանքում մեկընդմեջ հնչում էր «Լսեք ձեր սրտի ձայնը, ընտրեք ՀՅԴ-ին» կոչը:
«Առավոտի» թղթակցի հարցին համերգային մասի մասնակից 35- ամյա Խաչիկը պատասխանեց. «Մեր շրջանի մարդիկ կարոտ են նման համերգների ու գեղեցիկ միջոցառումների, լավ կլիներ, որ անտեսված եզերքներին հիշեին ոչ միայն քարոզարշավի շրջանակներում, այլ տարվա մնացած օրերին»:
Գործազուրկ, 55 ամյա Աշոտը «Առավոտին» պատասխանեց. «Լավ համերգ ա, հաճելի բանա, որ քեզ հիշում են ու ժողովրդի խմար համերգ բերում, բայց վատն էն ա, որ էս խինգ տարին մէ անգամ ա: Մայիսի 6-ից հետո էլի մեզի կմոռնան»:
Մեկ այլ քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, նշեց. «Ես ոչ մեկին էլ չեմ սատարում, ոչ էլ գնալու եմ ընտրության: Ոչ մեկի վրա էլ հույս չունեմ, լավ համերգ էր, շնորհակալություն»:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ