Այսօր Կապանում Կոմունիստական կուսակցության նախատեսած նախընտրական այցը մոտ մեկ ժամ ուշացավ: Ուշացումով մարզկենտորն հասած կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ուշացել էին, քանի որ Երեւանից Կապան գալիս մայրուղու մի հատվածը փակված էր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր քարոզչություն անում, եւ նրանց 30-35 րոպե թույլ չէին տալիս երթեւեկել այդ հատվածով:
Մինչեւ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը հասներ Կապան, մշակույթի տան հրապարակում արդեն հավաքվել էին կոմունիստական կուսակցության համակիր տատիկ-պապիկները, որոնք մեծ թիվ չէին կազմում: «Ինչո՞ւ այսօր այստեղ այսքանն են, մի՞թե այլ մարդիկ չկան: Բայց ո՞վ իր ոտքը կհամարձակվեր դնել այստեղ, քանի որ նա հաջորդ օրը եթե աշխատանքի գնա, նրան աշխատանքից կազատեին, վախն այսօր արմատացել է հայ մարդու սրտին», -իր ելույթում ասաց Կապանի շրջկոմի առաջին քարտուղար Արամայիս Բաբայանը: Կապանի մշակույթի հրապարակում մոտ վեց տասնակի հազիվ էր հասնում հավաքվածների թիվը, որոնց առջեւ էլ իրենց ծրագրերի մասին եւ մեր երկրում տիրող վատ իրավիճակի մասին խոսեց Ռուբեն Թովմասյանը:
Անդրադարձավ կոմունիստների ղեկավարման տարիներին բնակիչներին անվճար բնակարաններով ապահովելու, երկրում արդյունաբերական բազմաթիվ կառույցների գործունեությանը, ապրանքների ցածր գներին, երիտասարդների աշխատատեղերի ապահովված լինելուն, կրթական որակյալ համակարգին, անվճար բուժում ստանալու հնարավորություններին, այն ամենին, ինչ այսօրվա պայմաններում բացակայում են երկրում:
«Սկսած 1990 թվականից, Հայաստանում տեղի է ուենցել քաղաքական-տնտեսական խոշոր մաշտաբի հանցագործություն, որի համար ժողովուրդը միեւնույն է պատասխան է պահանջելու: Հենց այդ ժամանակ թալանվեց 13 մլրդ խնայդրամարկղի փողերը, հենց այդ ժամանակ ամբողջ արդյունաբերությունը փոշիացվեց: Ահա 22 տարի է, ինչ այս մարդակեր համակարգում ենք ապրում, համակարգ, որը տառապում է ռակով», – նշեց պարոն Թովմասյանը: Հանդիպման վերջում կուսակցության պատասխանատուն կոչ արեց կապանցիներին, նախկին կոմունիստներին, ովքեր տարբեր պատճառներով դուրս են եկել իրենց կուսակցությունից, խնդրեց մի կողմ թողնել բոլոր նեղացկոտությունները եւ մի անգամ վերջին 22 տարում օգնել իրենց կուսակցությանը, 5 րոպե քվեատուփի մոտ մնալ կոմունիստ եւ կտեսնեն մայիսի 6-ին համար 6-ը ինչպիսի հաջողություն է ունենալու եւ բոլորը կուրախանան իրնց օջախներում: «Չխաբվեք կեղծ խոստումներին, դհոլ զուռնեքին, այս բոլորը խաբել ու խաբելու են»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ