«Մամուլը, երբ անձրեւ է գալիս, մի քիչ ժողովուրդը քիչ է լինում, անմիջապես ասում են, թե Կոգրեսի հավաքները ավելի սակավաթիվ են առնում, հիմա թող տեսնեն այս հրապարակը»,- իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա ասաց, որ իրենց, բացի սակավաթիվ մարդ հավաքելուց, մեղադրում են նաեւ, որ ՀԱԿ-ը անհանդուրժող է, չի ուզում միավորել ողջ ընդդիմությունը. «Այսպիսի բան ասողը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, միայն զբաղված են մտքեր պղտորելով: Հաշվի չի առնվում այն, որ Կոնգրեսի կազմում կա 18 կուսակցություն, երբեք Հայաստանի պատմության մեջ չի եղել: Ցույց տվեք աշխարհում մի որեւէ երկիր, որտեղ ընդդիմությանը հաջողվի միավորել այդքան կուսակցության: Տեսեք ով է դուրս մնացել՝ 1-2 կուսակցություններ էին դուրս մնացած մասը, սա էլ երկրորդ փուչիկը: Հաջորդը՝ մեզ մեղադրում էին իշխանական ճամբարից, թե չէինք ուզում երկխոսության մեջ մտնել իշխանության հետ: Մենք հստակ արտահայտել ենք, որ մենք պատրաստ ենք երկխոսության իշխանության հետ, բայց քանի դեռ մեր ընկերները բանտում են, եթե անգամ մի քաղբանտարկյալ էլ լինի՝ ոչ մի երկխոսության չենք գնա: Երբ երկխոսությունը սկսեց, ասում էին՝ գործարք է, տեսանք, թե ինչպես ավարտվեց այդ գործարքը: Ընդդիմադիր կողմը շատ դաժան պայքարից հետո երկխոսության նստեց՝ սկսելով մի այնպիսի նախադեպ, որ պիտի փայփայվի, գուրգուրվի, դառնա ընդդիմության եւ իշխանության աստվածաշունչը քաղաքական, բայց էլի գտնվեցին մարդիկ, անգամ մի թերթ, որ այդ երկխոսության հիմնական ջատագովն էր, համարում էր, թե այդ երկխոսությունը սխալ է եղել: Ես երկխոսությունը համարում եմ քաղաքական էթիկայի ամենամեծ արդյունքը: Այդ երկխոսության շնորհիվ էր, որ հաջողվեց ազատ արձակել քաղբանտարկյալներին, գրավել Ազատության հրապարակը, ստանձնել Մարտի 1-ի բացահայտման գործը»:
Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձավ միասնական շտաբին եւ «Ժառանգության» վերջին քայլերին. «Մեզ մեղադրում էին, որ չենք համախմբում ընդդիմությունը, ստեղծեցինք Միասնական շտաբ, հենց սկսեցինք համագործակցել, այդ նույն մարդիկ, որ մեղադրում էին, սկսեցին ամեն ինչ անել՝ շտաբի գործունեությունը վիժեցնելու համար: Իսկ դա մի նպատակի համար է` Սերժ Սարգսյանի արյունոտ ռեժիմը հավերժացնելու համար: Շտաբի արժեքը նրանում է, որ այն կուսակցություններն են միավորվել, որոնք քննադատել են իրար»:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, շտաբը ընտրությունների վերահսկման չափազանց վստահելի մեխանիզմ է. «Շտաբը շատ լավ գործում է, արդեն սկսել են վերահսկել հիմա տեղի ունեցող խախտումները, բայց շտաբի անդամներից մեկի վարքն ինձ համար անհասկանալի է, դա «Ժառանգությունն» է, գուցե կրթությունս չի ներում, չեմ հասկանում իրենց պահվածքը, քանի որ չեմ հասկանում՝ զերծ եմ մնում մեկնաբանություններից: Ով հասկանում է՝ թող նա էլ մեկնաբանի»:
ՀԱԿ առաջնորդը եւս մեկ անգամ հրապարակեց այն կանոնները, որոնք որդեգրել է ՀԱԿ-ը: Միայն ուղղեց ՕԵԿ-ի հետ կապված դիտարկումը, ասելով, որ իր բժիշկ ընկերն իրեն ուղղել է՝ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ոչ թե կույրաղիքն է, այլ՝ կույրաղիքի ելուստը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ