Այսօր Գավառի բնակչության հետ հանդիպեցին Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության ներկայացուցիչները:
Կուսակցության անդամները հանդիպման նշանակված ժամից մեկ ժամ առաջ արդեն Գավառի կենտրոնական հրապարակում էին: Որտեղ էլ զրուցեցին հավաքված քաղաքացիների հետ, ծանոթացան գավառցու առօրյա հոգսին ու խնդիրներին:
Բացման խոքսով հանդես գալով՝ ՀԴՄ կուսակցության ներկայացուցիչ Լենսեր Աղալովյանը խոստովանեց, որ իր տրամադրությունն ընկավ, երբ իմացավ, թե ինչ վիճակում է այսօր գտնվում գավառցին: «Մեր հանրապետությունում այսօր ստեղծված է կրիտիկական իրավիճակ, եւ վտանգ կա, որ դրանից այն կողմ մենք հանրապետություն չենք ունենա: Առաջին հերթին դա կապվում է աշխատատեղերի բացակայության հետ: Եվ այն էլ ծնում է արտագաղթ, որին անվանում են սպիտակ ջարդ: Մենք փորձում ենք գնահատել, թե ինչու դա կատարվեց եւ նաեւ նշել այն ուղիները, որի միջոցով մենք կկարողանանք շտկել եղածը: Պետք է հարուստներին եւ օլիգարխներին բերել իրավական դաշտ եւ վարվել մեծ տոկոսներով, որ նրանք էլ հարկ վճարեն: Արտագաղթի կասեցման առաջին լուծումը աշխատատեղերի ստեղծումն է: Մենք պետք է նաեւ Սփյուռքին ընդգրկենք հայանպաստ գործունեության մեջ»,- եզրափակեց իր ելույթը Լենսեր Աղալովյանը:
Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը իր ելույթի սկզբում նշեց, որ չի եկել Գավառ քարոզչության, այլ եկել է հարցուպատասխանի, հանդիպելու եւ քննարկելու բնակիչների խնդիրները:
Կարդացեք նաև
Նրա ելույթի հիմնական առանցքը սոցիալական հարցերն էին: «Այն ինչ-որ ուներ այս հիանալի շրջանը եւ քաղաքը՝ Գավառը, ձեռնարկությունները, հիմնարկները կանգնած են եւ չեն աշխատեցնում, պետք է ազգայնացվի: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, պետք է ազգայնացվի, որպեսզի կարողանա պետությունը նորից վերագործարկել, որպեսզի ամեն մեկն աշխատանք գտնի այստեղ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Այն պահին, երբ Դեմկուսի գործիչները ելույթ էին ունենում Գավառի հրապարակում, դաշնակցականների ներկայացուցիչները զբաղեցրել էին հրապարակի մեծ մասը եւ երեկոյան համերգի եւ ելույթի համար բեմ ու լուսային էֆեկտներ էին տեղադրում:
Դեմկուսի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում նրանց գաղափարակիցները եւ քչաթիվ գործազուրկ գավառցիներ:
ՀԴՄ-ի հաջորդ կանգառը եղավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ