Լրահոս
Օրվա լրահոսը

7 ամսում միջպետական ճանապարհը չվերականգնվեց

Ապրիլ 20,2012 19:19

Ապրիլի 21-ին Լոռու մարզից  Տավուշի  Նոյեմբերյանի տարածաշրջան է այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Այրում քաղաքից Բագրատաշեն կմեկնի Այրումի սողանքի գոտին  շրջանցող նեղլիկ, անբարեկարգ, քարքարոտ ճանապարհով:

2011թ. հոկտեմբերից 2-ի  սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350 մետրանոց հատվածը մինչ այժմ չի վերականգնվել: 45 օր է, ինչ «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սկսել է  սողանքից փլված  ճանապարհահատվածի վերականգնումը: Պետբյուջեից այդ նպատակով  հատկացվել է  550 միլիոն դրամ: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ ղեկավար Էդվարդ Բեզոյանն ասաց, որ իրենց ընկերություն ունի անհրաժեշտ տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները, որպեսզի պայմանագրով նախատեսված ժամկետից՝ հուլիսի 16-ից շուտ վերականգնի քանդված  ճանապարհը: Վերջերս սողանքի գոտում ջրի բնական հոսք է հայտնաբերվել:

Պարոն Բեզոյանից հետաքրքրվեցինք, թե դա չի՞ խանգարի իրենց   աշխատանքներին: Նա ասաց, որ այդ պատճառով իրենք  հրավիրել են երկաբանական հետազոտություն կատարող ընկերության եւ նախագծողների: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ տնօրենը հավաստիացրեց, որ  ջրի հոսքը  ճանապարհի վերականգնման աշխատանքներին չի խանգարելու, ջրահեռացման խնդիրը լուծվելու է: Նշենք, որ  2011թ. դեկտեմբերին, ձմռան ցրտին պետբյուջեի ֆինանսավորմամբ Իջեւանում, Կողբում, Նոյեմբերյանում համայնքային նշանակության ճանապարհներ էին ասֆալտապատում, իսկ միջպետական ճանապարհի սողանքից քանդված հատվածում մեծ լռություն էր:

Հնարավոր չէ՞ր  այդ 550 միլիոն դրամն ավելի շուտ հատկացնել,  ներհամայնքային ճանապարհների ձմեռային ասֆալտապատումը միջպետական ճանապարհի վերականգնումից հրատա՞պ էր: Այրումի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: 40-50 տոննա քաշով մեքենաների ճնշումից  Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի   Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց հատվածներում, շատ տեղերում ասֆալտի ծածկույթը շարքից դուրս է եկել:  Հավելենք, որ Այրումի  սողանքից քանդված հատվածում վթարվել է Դեբեդի հովտի 8 համայնքների ավելի քան 1000 հա տարածք ինքնահոս ոռոգող ջրագիծը: Այդ ջրագծի վերականգնումը պետք է կատարվի միջպետական  ճանապարհի վերականգնումից հետո:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30