Ապրիլի 20-21-ը Երեւանի Մոսկվայի տանը եւ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների «Կինոշոկ» փառատոնի տարբեր տարիների ընթացքում մրցանակների արժանացած ֆիլմեր, նաեւ Հարություն Խաչատրյանի «Սահմանը»:
Փառատոնը, 20-ամյակի կապակցությամբ, «կշրջագայի», ու ֆիլմերի ցուցադրությունը կմեկնարկի Երեւանից, քանի որ 20 տարիների ընթացքում հայկական 16 ֆիլմ արժանացել է մրցանակների:
Կինոգետ Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը նշեց, որ «Կինոշոկն» իր գործունեությունը սկսել է 1992 թ-ից, երբ Սովետական Միության փլուզումից հետո միավորեց տարբեր ժողովուրդների կինոմշակույթը. «Այս տարիների ընթացքում են կայացել բազմաթիվ ազգերի ռեժիսորներ եւ դերասաներ, ովքեր ներկայացրել են կինեմատոգրաֆիայի նոր հնարքներ եւ բացահայտումներ»:
«Եվրազիացին» ֆիլմի գլխավոր դերակատար Կլավդիա Կորշունովան նշեց, որ հանդիսատեսի կողմից առավելապես սիրվել է հենց այս ֆիլմի շնորհիվ. «Առհասարակ, փառատոնը խելացի է կազմակերպված եւ ժողովուրդների միջեւ եղբայրություն է քարոզում»:
Կարդացեք նաև
Ղազախ դերասան Մենտայ Ուտեպբերգենովն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնը ռեժիսորներին եւ դերասաններին թույլ է տալիս մոռանալ կրոնական եւ ազգային պատկանելությունը ու ստեղծագործել ընկերական ջերմ մթնոլորտում. «Հատկապես հայերի ֆիլմերով եմ տպավորված: Հայաստանում ունեմ շատ ընկերներ, իսկ Արմեն Ջիգարխանյանի հետ բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել»:
Նշենք, որ «Կինոշոկ» փառատոնի կազմակերպիչները հաճախ լրագրողների հետ հանդիպել են զավեշտալի պայմաններում. որոշ ասուլիսներ, օրինակ, անցկացվել են լողավազանի ափին կամ ԶԱԳՍ-ում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ