Մեր նամակագիրները, որքան էլ զարմանալի թվա՝ ոչ մի խոսք չեն գրում մեր երկրի առջեւ ծառացած թիվ մեկ՝ ընտրությունների թեմայի շուրջ: Տպավորություն կա, որ սպասվող ընտրություններն ընդհանրապես չեն հետաքրքրում մեր խորագրի ընթերցողներին եւ բոլորը միակարծիք են մեկ հարցում՝ կարեւորը մարդու հոգեբանական վիճակն է, այն ապրումները, զգացողությունները եւ ընկալումները որոնք ունի մարդն ընդհանրապես եւ կոնկրետ անհատը, մասնավորապես: Թեպետ, ինքս, որպես մասնագետ, համոզված եմ, որ չի կարող արտաքին աշխարհն իր ազդեցությունը չթողնել անհատի հոգեբանական վիճակի վրա:
Այդուհանդերձ, մենք էլ, անսալով մեր ընթերցողների պահանջներին, զերծ կմնանք, նախընտրական գարնանային տրամադրություններով բացատրել մեր շատ նամակագիրների հոգեբանական վիճակը եւ կփորձենք հավատալ, իսկ որ ամենակարեւորն է՝ հավատացնել, որ անհատի հոգեբանական վիճակը ոչ մի կապ չունի այն մթնոլորտի հետ, որն առկա է հասարակական սեկտորում:
Նամակագիրներից մոտ տասը գրել են մեզ նույնի մասին՝ ինչո՞ւ են մարդիկ ձգտում գաղտնի պահել իրենց սիրային գործերը, ինչո՞ւ անգամ զավակները ծնողների հետ բավականաչափ անկեղծ ու բաց չեն սիրային հարցերը քննարկելիս: Ահա, մեր մշտական ընթերցող Կարինե Աբրահամյանը (համոզված ենք, որ անունը մեր ընթերցողն ուղղակի հորինել է, քանի որ նամակը չափազանց բաց տեքստ է) մեզ գրում է. «Հարգելի «Մտերմիկ զրույցներ», սպասում էի, թե վերջապես երբ կհամարձակվեմ գրել ձեզ ինձ հուզող մի հարցի մասին: Ընկերուհիներս խորհուրդ չէին տալիս, պնդելով, որ դուք ինձ ոչնչով չեք կարող օգնել, սակայն ես վերջապես համարձակվեցի եւ ահա, գրում եմ ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ ինչո՞ւ մայրերը չեն հավանում իրենց աղջիկների ընտրյալներին եւ ինչու են անուն դնում այն տղաներին, որոնք մեզ ամենից ավելի են դուր գալիս: Օրինակ, իմ մայրիկի համար շատ կարեւոր է, որ ես ընտրեմ այնպիսի տղայի, ով արդեն բանակ գնացել–եկել է, ով պատրաստվում է մեկնել երկրից եւ ով ավելի ապահովված է, քան իմ ընկերներից շատերը, դե, ասացեք՝ ինչո՞ւ է այդպես»:
Նման դեպքերի համար մենք իհարկե, չունենք պատրաստի դեղատոմս եւ հակված ենք անձերի հետ կատարվող գործողությունները եւ փոփոխությունները քննարկել կոնկրետության մեջ: Ցավոք, դա այնքան էլ հնարավոր չէ, ուստի , բավարարվենք մեկ-երկու խորհրդով, որոնք, հուսով ենք, կօգնեն մեր ընթերցողներին, հատկապես նրանց, ովքեր գտնվում են անցումային կոչվող տարիքում եւ կանգնած են նաեւ ընտրություն կատարելու դժվարին խնդրի առաջ:
Սիրելի Կարինե, այդպես է եղել ի սկզբանե, միշտ էլ մայրիկներին թվացել է, թե իրենցից ավելի շատ իրենց զավակների բարօրության մասին ոչ ո ք չի կարող մտածել, անգամ՝ նույն այդ զավակները, ուստի, եղեք համբերատար եւ մի գնացեք առճակատումների, վստահեք ինքներդ ձեզ եւ նաեւ՝ մայրիկներին: Իսկ ինչո՞ւ եք մտածում, թե մայրերը իրենց զավակների վատն են ուզում: Սակայն, մյուս կողմից էլ՝ մի դարձեք նրանց հլու հնազանդ կամակատարը եւ հարմար առիթով հիշեցրեք, որ դուք Աստծո կողմից ծնվել եք մեն -միայնակ եւ որպես անձ, ունենք ձեր անձնական ընտրությունը կատարելու իրավունքը: Իսկ մայրիկները, հատկապես հայ մայրիկները ձգտում են, որ իրենց երեխաները ապահովված ապրեն, նեղություն չկրեն եւ հենց այդ պատճառով էլ այդպես դժվարահավան են: Մայրիկները կյանքի փորձառություն ունեն եւ իրենց երեխաների կյանքի մասին դատողություններ են անում իրենց իսկ կյանքի պրիզմայով անցկացնելով: Ուստի՝ զինվեք համբերությամբ եւ փորձեք՝ լսելով մայրիկներին, միաժամանակ տեր կանգնել ձեր ընտրությանը: Հավատացեք՝ ձեր իրավունքները կարող ե ք պաշտպանել միմիայն դուք, բայց ոչ թե լաց ու կոծով կամ հայհոյելով ու կռվելով, այլ՝ հավասարակշռված, հանդարտ եւ տրամաբանված: Եվ հետո՝ ամեն տարիք իր խնդիրներն ունի եւ իր գեղեցիկ կողմերը:Վայելեք ձեր այս անցումային տարիքը եւ հավատացեք, որքան գիտակից լինեք եւ ինքնուրույն, այնքան հեշտ կլինի ապրելը: