Մեդիամաքս: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդն այսօր քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` լրագրողների դեմ հարձակումների եւ խոսքի ազատության իրավիճակի համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Լրագրողների դեմ վերջին հարձակումը նավթային ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից եւս մեկ անգամ ապացուցեց, որ խոսքի ազատությունը Ադրբեջանում վտանգված է: Իշխանությունները ոչ միայն պետք է անեն հնարավոր ամենը, որպեսզի հետաքննեն եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, այլեւ պետք է ապահովեն ավելի լավ պայմաններ, որպեսզի լրագրողներն Ադրբեջանում կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները առանց վախենալու իրենց ֆիզիկական անվտանգության եւ մասնագիտական անձեռնմխելիության համար»:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս ջանքերի ձախողումը վտանգի տակ կդնի Ադրբեջանի հեղինակությունը` մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարգման տեսանկյունից:
Կարդացեք նաև
«Ադրբեջանն այս տարի ընդունելու է Եվրատեսիլի երգի մրցույթը, բայց փոփ-երաժշտության փայլն ու շքեղությունը չեն կարող փոխհատուցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ձախողումը», – եզրափակել է Տորբյորն Յագլանդը: