Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով:
Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը: Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
Մտահոգիչ է նաև թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը: Վերը նշված և նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին:
Մենք խստորեն դատապարտում ենք նման գործելավոճը և պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք արագ արձագանքել և տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին, ապահովելով նաընտրական քարոզարշավի օրինական ընթացքը:
Քաղաքագետների Միություն