Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Արիստակեսյանը փակել է Ռաֆայել Իսրայելյանի կամարները» (Տեսագրություն)

Ապրիլ 20,2012 17:17

Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի այսօրվա նիստի հատկապես այն հատվածն էր աղմկոտ, որը վերաբերում էր

մշակույթի նախարարությունից պաշպանության նախարարության ենթակայությանն անցած Հայաստանի ազգագրության (Սարդարապատ) թանգարանին:

Վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման բաժնի վարիչ Սուսանա Մելիքյանի ասելով՝ «շեֆերի» փոփոխությունից գիտական օջախի վիճակը ամենեւին չի բարելավել: Այժմ բազում ցավոտ խնդիրներ ունեն՝ ցուցանմուշների պահպանության, գիտական կազմի բացակայության, մասնագետների հոսունության, անգամ կրծողների դեմ պայքարի: «Կարելի է ասել՝ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ»,-հայտարարեց տիկին Մելիքյանը ու նեղսրտեց, թե ռազմական գերատեսչությունը ազգագրության թանգարանը սկսել է ընկալել որպես ազգային ազատագրական պայքարի թանգարան, մինչդեռ ազգագրության ցուցանմուշների միայն 1 %-ն է վերաբերում Սարդարապատի ճակատամարտին: Թանգարանի ներկայացուցչի ասելով, պաշտպանության նախարարությունը նույնիսկ մտածել էր զինվորների արձաններ կանգնեցնել, մինչդեռ հուշահամալիրի շենքի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը նման բան չի նախատեսել, $30000-անոց մետաղական կոնստրուկցիա են տեղադրել սրահներից մեկում, որը թանգարանը ստիպված որպես վահանակ է օգտագործում:

Նիստի մասնակիցներն անընդհատ հետաքրքրվում էին՝ որեւէ մեկին նամակով դիմե՞լ են: Սուսաննա Մելիքյանն ասաց, որ պատրաստ է բոլորին ցույց տալ դիմումների հաստ տրցակը:

Նա Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամերին խնդրում էր օգնել. «Տնօրեն Կարեն Արիստակեսյանը քանդել է մանրակերտը, փակել Ռաֆայել Իսրայելյանի կամարները, ասում է Եվրոպայում տեսել եմ՝ թանգարաններում էդպես է… Երեւի խեղճ մարդը (Ռաֆայել Իսրայելյանը) հիմա դագաղում շուռ է եկել, ո՞նց կարելի է նման բան անել, ախր մանրակերտը նաեւ էթնիկ ինքնագիտակցության խնդիր էր լուծում»: Ըստ Մելիքյանի, բոլոր չինովնիկ տնօրենների ամբողջ մտածմունքն այն է, թե առանց գիտական խորհրդի կարծիքի՝ ինչ փոփոխեն թանգարանում, որ հաճոյանան «վերեւներին»: Նա նեղվում է, որ վերջերս թանգարանին,

իր ձեւակերպմամբ՝ նաեւ պաղպաղակի «բուդկա» են ավելացրել. «Ասում են, թե իբր դիտակետ է՝ տուրիստը կգա, էդտեղից Մասիսին կնայի ու թանգարանին փող կտա»:

Տիկին Մելիքյանը դժգոհելով բոլոր տնօրեններից՝ ասաց, որ միայն Արիստակեսյանի օրոք է իրենց արտաբյուջեն մեծացել ու տարածքը խնամվել, բայց նա էլ ծայրահեղ անհանդուրժող է գիտական կազմի նկատմամբ, ինչ վերաբերում է փոխտնօրենին, բաժնի վարիչի խոսքով, նա էլ մասնագետ է, բայց ամբիցիաներ բանեցնող եւ անբարեխիղճ: ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի ղեկավար Գագիկ Մանասյանը խոստացավ քննարկման դնել բոլոր ցավոտ հարցերը ու հնարավոր լուծումներ գտնել:

Թանգարանի բաժնի վարիչը առաջարկում էր, որ իրենց կառույցը լինի նաեւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների ուշադրության ներքո, իսկ մշակույթի նախարարության փորձագետները գնահատեն խայտառակ վիճակում հայտնված գորգերն ու նվագարանները:

Հիշեցնենք, որ դեռեւս 2004 թվականին «Առավոտում» տպագրված «Թանգարանը պահեստարան չէ» հոդվածում պատմական գիտությունների դոկտոր Լավրիենտի Բարսեղյանը, ով ժամանակին ղեկավարել է Ազգագրության թանգարանը, առաջարկել էր հին կարգավիճակով թողնել այն, սակայն թանգարանի կենտրոնական սրահը, որ զբաղեցնում է 800 քմ տարածք, հատկացնել Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերի պատմությանը։ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող եւ ՊՆ-ին ենթակա թանգարանի ցուցադրությունն ընդլայնել ու Սարդարապատում նախատեսվող ու արդեն կազմակերպված թանգարանային բաժինները տեղափոխել Երեւան եւ այդ բոլորի հիման վրա ստեղծել «Ազգային-ազատագրական պայքարի եւ զինված ուժերի պատմության թանգարան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30