Նրանք Գորիսի Գետափնյա թաղամասի հարևան 4 շենքերից էին:
Արցախյան պատերազմի, հրետակոծության շրջանում ծնված կամ վաղ մանկություն ունեցած չորս ընկերներ էին` Ռոբերտ Մաթևոսյանը, Էդիկ Օհանյանը և համադասարանցիներ Նարե Խաչատրյանն ու Լիլիթ Գրիգորյանը:
Նույնն էր և նրանց մահվան պատճառը… դատավճիռը՝ քաղցկեղ…
Իսկ նրանց թաղամասը հրետակոծության թիրախներից էր՝ մինչ այսօր շենքերի պատերին պահպանված բազում ակոսներով…
Կարդացեք նաև
Սկզբում Նարեն էր… Այդ ժամանակ նա 7-րդ դասարանում էր, հիվանդ էր արդեն 2 տարի:
«Այդքա~ն քնքշանք, այդքա~ն նրբություն, այդքա~ն հմայք մի փոքրամարմին, փխրուն աղջնա՞կի մեջ… Նրա սովորելը, նրա ասմունքը, նրա շարադրությունները, նրա ձեռքի աշխատանքները,- հիշում է դրկից հարևանուհին` բուժաշխատող Եկատերինա Հայրապետյանը: – Նա ծաղիկների սիրահար էր: Տեսնել էր պետք նրա հրճվանքը, երբ խոտերի արանքում մի պստլիկ ծաղիկ էր գտնում ու կանչում. «Մա~մ, պուճուր ծաղիկը»:
«Սիրտս նորից է ճմլվում, երբ հիշում եմ, թե նա ինչպես էր ողջ մարմնով տենդագին դողում, երբ սկսվում էր հրետակոծությունը: Ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու նրա երևակայությամբ լեցուն գլխում, հենց ուղեղիկում բույն դրեց այդ հիվանդությունը, բայց չեմ կարծում նաև, թե այդ սթրեսը հենց այնպես կշրջանցեր այդ զգայուն արարածին»:
«Ես Նարեի ու Լիլիթի առաջին ուսուցչուհին էի,- պատմում է Անահիտ Վարդևանյանը: – Նարեն տարիքին անհամեմատ զուսպ, խոսուն աչքերով, գերշնորհալի երեխա էր: Լիլիթը` ժպտերես, կյանքով լի, վարդագույն այտերով աղջնակ: Ես չեմ կարող ասել, թե որտեղից սկիզբ առան նրանց աղետալի հիվանդությունները, բայց որ պատերազմը խորշակեց նրանց մանկության դալար մարմին-հոգիները, փաստ է»:
«Քանի~-քանի անգամ մեր քաղաքն ապրեց այդ դժոխային սարսափը: Իսկ արկերի տարափը մեր դպրոցի վրա: Ի~նչ կատարվեց այդ օրը. դպրոցը զինվորական հոսպիտալ էր հիշեցնում՝ երեխաներին փնտրող ծնողների, հարազատների վայնասունով, դպրոցն օղակած շտապ օգնության մեքենաներով: Դաս էր, ու հենց դասասենյակների միջով անցան անտերները…»
Մանրամասն՝ կարդացեք այստեղ