Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի ակումբավար, կապիտան Արմեն Գասպարյանը մտադրվել էր նվերներ՝ ոսկյա զարդեր գնել զորամասի համար: Մտադրությունն ավարտվում է ազատազրկմամբ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, դատավորներ Արարատ Պետրոսյանի եւ Մանուշակ Պետրոսյանի մասնակցությամբ լսեց կապիտանի բողոքը: Վերջինս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:
Արմեն Գասպարյանը՝ զորամասին նվերներ գնելու պատրվակով, այցելել էր Հրազդան քաղաքի ոսկեղենի խանութ, տեղի աշխատակից Սամվել Հայրապետյանից ստացել ոսկյա զարդեր: Սակայն հաջորդ օրը խոստացված գումարը Գասպարյանը չէր վերադարձրել:
Նույն եղանակով ՊՆ աշխատակիցը ոսկյա զարդեր էր ստացել նաեւ Դիլիջան քաղաքի խանութից՝ Գոհար Վաթինյանից: Իսկ Եղեգնաձորում ներկայացել էր «Ալեքս» անունով սպա, եւ 550 000 ՀՀ դրամի չափով զարդեր վերցրել Օֆիկ Մաթեւոսյանից:
Կարդացեք նաև
Կապիտանն ընդհանուր առմամբ հափշտակել էր 2 մլն 226 000 ՀՀ դրամի զարդերի գումարը եւ տուժողներից որեւէ մեկին չէր հատուցել վնասը մինչ օրս: Նա դատարանից խնդրում էր վերանայել իր պատժաչափը, որպեսզի, իր ասելով, կարողանա աշխատել եւ վերադարձնել գումարները:
Ի դեպ, նախագահողի հարցին, թե ով ունի խնամքին, ամբաստանյալն ասաց՝ մայրը, իսկ թե որքան էր եղել նրա աշխատավարձը, կապիտանը հայտնեց՝ 200 000 ՀՀ դրամ:
Մեղադրողը՝ Համլետ Ադամյանն ասաց, որ մարզի դատարանը համաչափ պատիժ է տվել եւ ակնարկեց, որ ամբաստանյալը «մասամբ չի վերականգնել» տուժողների վնասը: Նկատենք, որ տուժողներից եւ որեւէ մեկը չէր մասնակցում բողոքի քննությանը:
Դատարանը անփոփոխ թողեց մարզի դատարանի դատավճիռը եւ մերժեց կապիտանի բողոքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ