«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվեց Վայոց ձորի մարզում: Մարզկենտրոն Եղեգնաձորում Գագիկ Ծառուկյանին ընդունեցին բավականին մարդաշատ հրապարակում՝ ծափերով, երաժշտությամբ, աղուհացով: Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը ջանք չէր խնայել կուսակցական առաջնորդին լավագույն ընդունելության արժանացնելու համար: ԲՀԿ-ն իր հերթին մարզին նվիրեց 10 տրակտոր: Իր ելույթում, սակայն, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դրանք ընտրությունների հետ որեւէ կապ չունեն, կուսակցությունն ավելի վաղ էր նախաձեռնել հանրապետության մարզերում մեքենատրանսպորտային պարկ ստեղծելու գործը եւ անկախ ընտրությունների արդյունքներից, Ծառուկյանը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է հանրապետության մարզերում մեքենատրակտորային պարկի համալրումը:
Իր ելույթում ԲՀԿ նախագահը դարձյալ կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին եւ քվեարկել նրա օգտին, ում հավատում են, չտրվել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պարտադրանքներին. «Մի մարզպետն էլ մերն է,- Սերգեյ Բագրատյանին մատնացույց անելով ասաց Ծառուկյանն ու հավելեց,- բայց դա որեւէ կապ չունի»:
Այնուհետեւ իր ելույթում մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեծարեց կուսակցության առաջնորդին, ասաց, որ նա հանրապետության ամենախոշոր գործարարն է, բայց երբեւէ ուժի դիրքերից չի խոսել մարդկանց հետ: «Չսիրել նման առաջնորդին, չլինել նրա կողքին՝ կնշանակի, որ դու հայ չես»,- ասաց մարզպետը: Նա անգամ Գագիկ Ծառուկյանին համեմատեց Սասունցի Դավթի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ