ВЦИОМ-ը` Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որն ԱԺ ընտրություններին ընդառաջ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ էր կատարել Հայաստանի ողջ տարածքում, բացահայտել է, որ հարցվողների 74%-ն է հետեւում երկրի սոցիալ-քաղաքական իրադարձություններին, սակայն ընդամենը 27%-ի ուշադրության կենտրոնում են նախընտրական գործընթացները:
ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվողները քիչ չեն` հարցվածների 72%-ը, ընդ որում` Երեւանի բնակիչների 65%-ը, իսկ մարզերի` 75-76%-ը:
Այս հարցումն ունի նաեւ «կշռված» վարկանիշ բաժինը, այսինքն` արդեն իսկ կողմնորոշված ընտրողների ձայների հաշվարկի արդյունքը: Այդ պարագայում, երբ հաշվի է առնվել միա’յն հստակ կողմնորոշված ընտրողների ձայները, ԱԺ մտնելու շեմը` 5%-անոց արգելքը հաղթահարում են այն նույն կուսակցությունները, որոնք մինչեւ հիմա գտնվում էին ԱԺ-ում` ՀՀԿ` 39%, ԲՀԿ` 36%, ՕԵԿ՝ 7%, «Ժառանգություն»` 6%, ՀՅԴ` 5%:
ՀԱԿ-ն, այս հարցումների համաձայն, չի հաղթահարելու 5%-անոց շեմը:
Հարցումների մեջ կային նաեւ տվյալներ այն մասին, թե` ո՞ր քաղաքական ուժից որին կարող են անցնել ձայներ: Այսպես, ըստ այդ տվյալներին, նրանք, ովքեր որոշեն չքվեարկել ՀԱԿ-ին, ապա կքվեարկեն կամ ԲՀԿ-ի կամ «Ժառանգության» համար: ՕԵԿ-ից ձայներ կարող են գնալ ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին: ՀՅԴ-ից ձայներ կարող են տանել կամ ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն:
Ըստ հարցման արդյունքները ներկայացնող, ВЦИОМ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովի, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն պայքարում են դժգոհ, բողոքավոր զանգվածների ձայների համար, այսինքն` իրարից ձայներ կարող են տանել, հետեւաբար որեւէ տրամաբանություն չէր տեսնում այս երկու ուժերի` իրար հանդեպ լոյալ եւ սիրաշահող վերաբերմունքի մեջ: «Նրանք նույն ընտրազանգվածի համար են պայքարում, որքան մեկի ուժը պակասի, այնքան մյուսը կուժեղանա: Եթե ՀԱԿ-ը չի քննադատում ԲՀԿ-ին, դա շատ լավ է ԲՀԿ-ի համար, սակայն վատ է ՀԱԿ-ի համար: Իրար հանդեպ չքննադատելու կուրս բռնելու դեպքում, կշահի նրանցից ակտիվը: Իսկ մեր ունեցած թվերը ցույց են տալիս, որ ակտիվը ԲՀԿ-ն է, եւ այդ պատճառով ՀԱԿ-ը նման վիճակում է»,- բացատրեց պարոն Ֆյոդորովը` ուշադրություն հրավիրելով, որ ՀՀԿ-ից ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը ձայներ առանձնապես չեն կարող տանել, քանի որ ՀՀԿ-ի ձայները «իրավիճակից գոհ» մարդկանց ձայներն են:
Պարոն Ֆյոդորովն անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանի` ընտրողների հետ հանդիպմանը ատրճանակով ներկայանալու պատմությանը: Հարցումներն արվել են մինչ այդ դեպքը, բնականաբար, դա չի արտացոլվել հարցումների վրա, սակայն, ըստ ВЦИОМ-ի գլխավոր տնօրենի, դա չի կարող բացասաբար չանդրադառնալ Ծառուկյանի վարկանիշի վրա. «Ընտրողների հետ հանդիպման գնացող թեկնածուն պետք է սիրի, կամ գոնե ցույց տա, որ սիրում է իր ընտրազանգվածին եւ ոչ թե վախենում, կամ առավել եւս` սպառնում: Ակնհայտ էր, որ Ծառուկյանի շտաբը պատրաստ չէր նման անսպասելի միջադեպին եւ չկարողավ ճիշտ ռեակցիա տալ: Սկզբում, ինչպես ընդունված է նման դեպքերում, ամեն ինչ ժխտում էին, հետո թե` «այո, բայց…», հետո մի ուրիշ բան, հետո մի այլ… եւ այդ բացասական միջադեպը` իր բացասական շարունակություններով ծաղկեց: Այժմ ամենակարեւոր երկու շաբաթներն են առջեւում, եւ պետք է ամեն ինչ անեն` այդ կորցրածը հետ բերելու համար»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածը բողոքավորներն ու ընդդիմադիրներն են, չնայած ԲՀԿ-ն հինգ տարի եղել է իշխանության մաս, Ֆյոդորովը պատասխանեց.«Դա մեծ արվեստ է` լինել կոալիցայում, իշխանության մեջ եւ տանել բողոքավորների ձայները: Առայժմ իրենց հաջողվում է դա անել: Տեսնենք թե դեռ որքան»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ