Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի 30-ամյա հոբելյանի կապակցությամբ օրերս Ազգային օպերային թատրոնում ներկայացվեց ստուդիայի խաղացանկային՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերային ներկայացումը (բեմադրող դիրիժոր՝ Հովհ. Միրզոյան, բեմադրիչ՝ Հովհ. Հովհաննիսյան), որին ժամանակին «Առավոտն» անդրադարձել է: Առաջին անգամ զրույցի հրավիրեցինք հիշյալ ներկայացման մեջ սերժանտ Բելկորեի դերերգով հանդես եկող, 2010թ. դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած Գուրգեն Բավեյանին, ով նաեւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ է: Փոքր բեմում (օպերային ստուդիա) նա հանդես է եկել Ֆիորելոյի (Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ»), Մարկոյի (Պուչինի՝ «Ջանի Սկիկի»), Միկելեի (Պուչինի՝ «Թիկնոցը»), Հենրիի (Պուչինի՝ «Լուչիա դի Լամերմուր») դերերգերով: Իսկ մեծում (նկատի ունենք Ազգային օպերային թատրոնը)՝ թատերասերները նրան հանդիպել են պարսից աշուղի (Ալ. Հարությունյան՝ «Սայաթ-Նովա»), ռուս դեսպանի (Տիգրանյան՝ «Դավիթ-Բեկ), Մորալեսի (Բիզե՝ «Կարմեն») եւ այլ դերերգերով: Գուրգեն Բավեյանը համերգներ է ունեցել նաեւ Հայաստանի պետական երիտասարդական, Ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, հայկական վոկալ դպրոցն էլ ներկայացրել է Շվեյցարիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիայում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ այլն:
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած երգչից նախ հետաքրքրվեցինք, թե ինչու ստեղծագործական կենսագրությունում միայն հանրապետական մրցույթների (Գոհար Գասպարյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի անվան) իր մասնակցությունն է եւ ինչո՞վ կբացատրի, օրինակ՝ անցյալ տարի, իր սերնդակից կոլեգաներից եւ ոչ մեկին «նախագահական» մրցանակ չշնորհելու փաստը: Շեշտելով, որ իր համար մրցույթը մրցույթ է՝ լինի տեղական, թե միջազգային, Գուրգեն Բավեյանն ասաց. «Ցանկացած միջոցառում՝ լինի մրցույթ, թե փառատոն, արվեստագետը առաջին հերթին պետք է կրի մեծ պատասխանատվություն: Այս տարի ցանկություն ունեմ մասնակցելու Ավստրիայում անցկացվող Հանս Գաբոր Բելվեդերի անվան միջազգային մրցույթին, որի նախընտրական փուլը մայիսին է: Ինչ վերաբերում է անցյալ տարվա նախագահական մրցույթին, ժյուրիի առջեւ դրված է իսկապես բարդ խնդիր. ոչ միայն գնահատել կամ առանձնացնել որեւէ երգչի միայն վոկալը, այլեւ բեմական պահվածքը, ընդ որում՝ կուլիսներից սկսած»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ ցանկալի է, որպեսզի մրցույթի առաջին փուլն անցկացվի օպերային ստուդիայում, երկրորդը՝ Ազգային օպերային թատրոնում, նվագախմբի ընկերակցությամբ, որտեղ ժյուրին մրցույթի մասնակցին կտեսնի «ամբողջական»:
Հարցին, թե բեմական գործունեությունը չի՞ խոչընդոտում իր հասարակական աշխատանքին (կոնսերվատորիայի ռեկտորի օգնականն է երիտասարդության եւ մենեջմենթի հարցերով), Գուրգեն Բավեյանը պատասխանեց. «Հասարակական ցանկացած աշխատանք, բնականաբար, որոշակի ստվեր գցում է մասնագիտականի վրա, բայց երբ դա արվում է համակարգված, կարելի է եւ համատեղել, ինչը փորձում եմ անթերի անել»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ